Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել մայիսյան եռատոնի առթիվ: Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ մայիսի 21-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ երդման հանդիսավոր խոսքը կհղի պատմական Շուշիից:
«Հարգելի ՛ հայրենակիցներ
Եռատոնի խորհուրդը մեր ժողովրդի կյանքում առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն իրենում ամփոփում է մեր համազգային հաղթանակների ու խաղաղության, մեր արժանապատիվ գոյության համար ամենաթանկ հատուցումը՝ հազարավոր անմեղ կյանքեր: Այսօր իմ գլուխն եմ խոնարհում Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման մարտում փառավոր հաղթանակ կերտած մեր ժողովրդի քաջարի զավակների թողած անուրանալի ավանդի առաջ: Հպարտ եմ, որ եղել եմ հայոց բերդաքաղաք Շուշին վերջնականապես մերը դարձրած ազատության զինվորներից մեկը, որտեղ հերոսի մահով ընկան լավագույնները. հազա՜ր փառք բոլոր նահատակներին:
Սրտագին շնորհավորանքներս մեր միասնական հայրենիքի սահմաններն անառիկ պահողին և տարածաշրջանում խաղաղության իրական երաշխավորին՝ պաշտպանության բանակին ու նրա ողջ անձնակազմին՝ բանակի ստեղծման 28-րդ տարեդարձի կապակցությամբ:
Հայրենիքում և Սփյուռքում ապրող սիրելի՛ հայություն
Այս պարտավորեցնող պահին հայտարարում եմ, որ, ի նշանավորումն հայ ժողովրդի տարած հաղթանակների, մայիսի 21-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ երդման հանդիսավոր խոսքս ժողովրդիս կհղեմ պատմական Շուշիից՝ որպես հավատի հավաստում լուսավոր գալիքի նկատմամբ:
Փա՜ռք հայ ժողովրդին:
Կեցցե՜ն նրա հերոսական զավակները»,- ասված է Արցախի նորընտիր նախագահի ուղերձում: