Ադրբեջանում գերեվարված զինծառայող Արա Ղազարյանի գործով Հելսինկյան քաղաքացական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դիմել է ՄԻԵԴ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տեղեկացմամբ, 2019 թ. օգոստոսից Ադրբեջանում պահվող հայ զինծառայող Արա Ղազարյանի մայրը՝ Կարինե Մնացականյանը, մինչ օրս որևէ տեղեկություն չունի որդու գտնվելու վայրի ու կալանքի տակ պահելու հիմքերի և պայմանների վերաբերյալ: Նա սպառնալիք է տեսնում որդու ֆիզիկական անվտանգությանը՝ կասկածի տակ առնելով նրա գործով Ադրբեջանում պատշաճ դատաքննության անցկացումն ու ազատ արձակումը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հիշեցրել է, որ պաշտոնական տեղեկություններով վերջին անգամ Արա Ղազարյանին Հայաստանի տարածքում տեսել են 2019 թ. օգոստոսի 12-ին: Ենթադրվում է, որ նույն օրը՝ ժամը 12։00-ի սահմաններում, նա մոլորվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանի մոտակայքում, ուր սահմանագիծը շատ անորոշ է, սխալմամբ անցել Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածք և ձերբակալվել ադրբեջանցիների կողմից: Առկա տեղեկությունների համաձայն` 2019 թ. օգոստոսի 12-ին՝ ձերբակալվելուց ի վեր, Արա Ղազարյանը Ադրբեջանի իշխանությունների հրամանով կամ գաղտնի համաձայնությամբ Ադրբեջանի տարածքում պահվում է կալանքի տակ՝ առանց արտաքին աշխարհի հետ շփման հնարավորության: Այդ օրվանից նա ընտանիքի հետը կապը պահում է միայն Կարմիր խաչի միջոցով փոխանցվող նամակներով: Նրա գտնվելու վայրի և կալանքի պայմանների մասին ստույգ տեղեկություններ չկան:
Ադրբեջանական գերության մեջ ուղղակի սպառնալիքի տակ հայտնված որդու անվտանգությամբ մտահոգ Կարինե Մնացականյանը 2020 թ. փետրվարի 17-ին դիմել է ՀՔԱՎ գրասենյակ: Գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ դատավարական կանոնակարգի թիվ 39 կանոնով (հրատապ) նախատեսված ժամանակավոր (միջանկյալ) միջոցներ ձեռնարկելու նպատակով: ՄԻԵԴ-ին ուղղված դիմումում հիմնավորվել է կյանքի իրավունքի խախտման, խոշտանգումների, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի իրական վտանգի հանգամանքների սպառնալիքը։ ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանները Մնացականյանի անունից խնդրել են դատարանի համապատասխան բաժնի կամ պալատի նախագահին կամ հերթապահ դատավորին Ադրբեջանի կառավարությանը ներկայացնել հրատապ միջոցառումներ իրականացնելու պահանջ։
Դատարանը կայացրել է Միջանկյալ միջոցի վերաբերյալ որոշում: Ըստ այդմ՝ թիվ 15434/20 «Մնացականյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով 2020 թ. ապրիլի 2-ին Դատարանը ցուցում է տվել Ադրբեջանի կառավարությանը ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պաշտպանելու դիմումատուի որդու՝ Արա Ղազարյանի կյանքն ու ֆիզիկական անձեռնմխելիությունը։ Դատարանը ՀՔԱՎ գրասենյակի փաստաբանների դիմումին որոշել է նաև առաջնահերթություն տալ՝ համաձայն Կանոն 41-ի և հայցել Ադրբեջանի կառավարությունից մի շարք տեղեկությունների տրամադրումը՝ համաձայն Կանոն 54 §2(a)-ի, Կ. Մնացականյանի շահերի պաշտպաններին էլ՝ մինչև ապրիլի 30-ը տրամադրել ժամանակ՝ գանգատ ներկայացնելու, ինչն արվել է: ՄԻԵԴ-ը հայցվող բոլոր փաստաթղթերն անգլերեն թարգմանությամբ ներկայացնելու համար Ադրբեջանի կառավարությանը մինչև 2020 թ. մայիսի 14-ը ժամկետ է տրամադրել: