Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտների ցանկը կլրացվի նոր՝ անտառների վերականգնման, անտառապատման, օգտագործման, խնամքի իրականացման աշխատանքներով, հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Հայաստանի Հանրապետությունում լայնածավալ անտառապատման աշխատանքների իրականացման անհրաժեշտությունից ելնելով՝ նախատեսվում է 2020 թ. 10 մլն ծառ տնկել:
Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման առավելագույն տևողությունը 3 ամիս է: Աշխատանքներում ընդգրկված քաղաքացիներին՝ օժանդակ աշխատանքներ կատարելու համար մեկ աշխատանքային օրվա համար կվճարվի 5 հազ. դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում` նպատակային սոցիալական վճարը:
Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով մի կողմից աջակցություն կցուցաբերվի Հայաստանում իրականացվող լայնածավալ անտառապատման և անտառավերականգնման աշխատանքներին, մյուս կողմից` ժամանակավոր աշխատանքով կապահովվեն մարզերում բնակվող գործազուրկ քաղաքացիները:
Նշենք, որ վարձատրվող հասարակական աշխատանքներն իրականացվում են ՀՀ մարզերում, ընդ որում, առաջնահերթության կարգով` բարձր լեռնային և կամ սահմանամերձ բնակավայրերում:
Վարձատրվող հասարակական աշխատանքներում կարող են ընդգրկվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնում հաշվառված և գործազուրկի կարգավիճակ ստացած անձինք: