«Մարտի 1»-ի գործով դատախազ Պետրոս Պետրոսյանը դատական նիստում առարկեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ ամբաստանյալին ազատ արձակելու բոլոր միջնորդությունները: Խոսքը և՛ կալանավորումն ընդհանրապես վերացնելու, և՛ անձնական երաշխավորությամբ, և՛ կորոնավիրուսի հիմքով գրավի դիմաց ազատ արձակելու մասին է։
Դատախազը վստահ է, որ դեռևս առկա է ազատության մեջ գտնվելու ընթացքում գործի քննությանը խոչընդոտելու և թաքնվելու ռիսկը։
Դատախազը նշեց, որ դատաքննության ընթացքում չեն հարցաքննվել անձինք, չի կատարվել որևէ դատավարական գործողություն, որը թույլ կտա պնդել, որ գործի ընթացքին խոչընդոտելու ռիսկը նվազել է։ Պետրոսյանը նաև նշեց, որ խոչընդոտելու ռիսկը ոչ միայն չի նվազել, այլ ավելացել է։ Որպես հիմնավորում դատախազը վկայակոչեց «5-րդ Ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի և Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը, երբ փորձել էին կաշառել մարտի 1-ի գործով տուժողին, որ նա սուտ ցուցմունքներ տա: Դատախազը հիշեցրեց՝ այժմ այդ գործը մեղադրական եզրակացությումբ դատարանում է։
Պ.Պետրոսյանի համոզմամբ՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունները անհիմն են և ենթակա են մերժման։