«Մարտի 1»-ի գործով դատական նիստում, միջնորդությունների քննարկման ավարտին, ելույթ ունեցավ ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը:
Նա նշեց, որ ՀՀ և Արցախի նախկին վարչապետները երաշխավորել են մի մարդու, որը եղել է երկու հայկական հանրապետությունների նախագահը, և ինքը չի կարող մի քայլ կատարել, ինչն իր հեղինակությունը զրոյի կհավասարեցնի: «Եթե որևէ մեկը երաշխավորություն է ներկայացնում, դու չես կարող խաչ քաշել քո անցած ճանապարհի վրա և կորցնել քո ընկերներին. ինչպե՞ս պիտի հետո նայես նրանց աչքերին: Դու նրանց «պադստավկա» անո՞ղ մարդ ես, թե՞ մարդ ես, որ խոսք ես տալիս և տեր ես քո խոսքին: Ես սպասում էի, որ դուք ինձ հարցնեք՝ խո՞սք եք տալիս, որ նման դեպք չի լինի, եթե ես ասեմ՝ այո, դուք կարող եք որոշում կայացնել նույնիսկ առանց երաշխավորության, քանի որ դա իմ հեղինակության հարցն է»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունների վերաբերյալ որոշում կայացնելու: Դատական ակտը կհրապարակվի մայիսի 13-ին՝ ժամը 17:50-ին: