ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ Զբաղվածության պետական գործակալությունն արտակարգ դրության պայմաններում ևս շարունակում է իրականացնել «Աեզոնային զբաղվածության խթանման» ծրագիրը, որի հիմնական նպատակը գյուղացիական տնտեսություններին աջակցության տրամադրումն է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղատնտեսության ոլորտում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումներ գրեթե չկան, ծրագրի իրականացումն ընթացել է անխափան:
Սեզոնային զբաղվածության խթանման ծրագրում մայիս ամսվա դրությամբ ընդգրկվել է 484 հողօգտագործող, կնքված պայմանգրերի ընդհանուր արժեքը կազմել է 96,9 մլն դրամ:
Մեկ օրվա աշխատանքի դիմաց ծրագրի շրջանակներում հողօգտագործողին և աշխատանքներում ներգրավված անձանց վճարվում է 4 հազարական դրամ: Բացի այդ, գյուղացիական տեխնիկայի 1 ժամվա աշխատանքի համար նախատեսվում է 5 հազար դրամ: Ծրագրի ընդհանուր արժեքը մեկ հողօգտագործողի համար չի կարող գերազանցել 350 հազար դրամը:
Ծրագրի իրականացման համար 2020 թ. ՀՀ պետական բյուջեից հատկացված է 605,3 մլն. դրամ, նախատեսված է ծրագրում ընդգրկել 2400 հողօգտագործողի:
Հիշեցնենք, որ ծրագրում կարող են ընդգրկվել մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր կամ վարձակալ կամ անհատույց օգտագործող հանդիսացող՝ աշխատաշուկայում անմրցունակ անձը, ով որպես աշխատանք փնտրող հաշվառվել է Զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնում, և ում ընտանիքի անդամներն ընդգրկված չեն գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում:
Ծրագրի տևողությունը կազմում է առավելագույնը 180 օր, իսկ աջակցության չափը՝ առավելագույնը 350.000 դրամ: