«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի և Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին. այս մասին 1lurer.am-ը տեղեկացավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրի աշխատակազմից: Ֆարխոյանը գործն ընդունել է վարույթ, դատական նիստը նշանակված է այսօր՝ ժամը 17-ին:
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանն ու Վարուժան Մկրտչյանը մեղադրվում են Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետ կազմակերպված խումբ ստեղծելու և Մարտի 1-ի գործով տուժողին սուտ ցուցմունք տալու դիմաց կաշառելու համար:
Դեռ մարտի 18-ին այս քրեական գործը մակագրվել էր դատավոր Արթուր Մկրտչյանին, սակայն նա ապրիլի 15-ի նիստին որոշում էր կայացրել գործը փոխանցել դատավոր Կարեն Ֆարխոյանին՝ հաշվի առնելով փաստը, որ նրա վարույթում է գտնվում Արմեն Թավադյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ: Այդ գործով Արմեն Թավադյանը մեղադրվում է խուլիգանության համար. 2019 թ․ մայիսի 13-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը և ջրի շշով հարվածել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Դատական նիստում ինչպես մեղադրող Արսեն Մարգարյանը, այնպես էլ ամբաստանյալ Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը և ամբաստանյալ Վարուժան Մկրտչյանը չեն առարկել, որ երկու քրեական գործերը քննվեն մեկ վարույթում: Ամբաստանյալ Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը նաև տեղեկացրել է, որ թեև իր պաշտպանյալը կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պատճառով չի ներկայացել դատական նիստին, սակայն հեռախոսազանգով հայտնել է, որ ինքը նույնպես չի առարկում նշված քրեական գործերը միացնելուն: