Տիգրան Մեծի պողոտայում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող, պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի ճակատի վրա սեփականատերը աշխատանքներ է իրականացրել (շվաքարան է տեղադրել և փորձել ներկել ճակատը) առանց համապատասխան թույլտվության: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության աշխատակիցները տեղում վարչական ակտ են կազմել՝ պարտավորեցնելով դադարեցնել աշխատանքները և հանել շվաքարանը:
Յուրաքանչյուր վերակառուցում՝ լինի պատուհանների փոխում, շվաքարանի տեղադրում, օդորակիչի տեղադրում և այլն, պետք է իրականացվի ԿԳՄՍ համապատասխան ստորաբաժանման եզրակացության հիման վրա և Երևանի քաղաքապետարանի թույլտվությամբ:
Օրենսդրության պահանջների հետագա անտեսումը կարող է քրեական պատասխանատվություն առաջացնել»,- գրել է Հ.Կարապետյանը: