Չեռնոգորիան, Ալբանիան, Նորվեգիան և Ուկրաինան միացան Եվրամիության որոշմանը՝ կես տարի երկարաձգել Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ անհատական պատժամիջոցները: Այս մասին նշված է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելի հայտարարության մեջ:
«ԵՄ-ին անդամակցելու համար թեկնածու երկրներ Չեռնոգորիան և Ալբանիան, Եվրոպական տնտեսական տարածքի անդամ Նորվեգիան, ինչպես նաև Ուկրաինան միացել են Եվրամիության այս որոշմանը: Միությունը գնահատում է այս պարտավորությունը և ողջունում է այն », - ասված է հաղորդագրության մեջ:
Բացի դրանից, Չեռնոգորիան, Ալբանիան, Նորվեգիան, Ուկրաինան, ինչպես նաև Մոլդովան միացել են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա շրջապատից 9 մարդու նկատմամբ պատժամիջոցները մեկ տարով երկարաձգելու ԵՄ-ի մարտի 6-ի որոշմանը:
Ներկայումս Ռուսաստանի նկատմամբ գործում է ԵՄ պատժամիջոցների մի քանի փաթեթ՝ տնտեսական, անհատական սահմանափակող միջոցներ և սահմանափակումներ Ղրիմի հարցով: