Խորհրդարանում պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Սասուն Միքայելյանի միջև այսօր տեղի ունեցած ծեծկռտուքին է անդրադարձել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Բնական է, անթույլատրելի է այն, ինչ տեղի ունեցավ, բայց մենք պետք է մի բան արձանագրենք, որ այս ամենը անմիջական կապ ունի նախօրեին հնչած սեռական բնույթի հայհոյանքի հետ, որը հնչեց ԱԺ դահլիճում, կապ ունի այն օրենքների հետ, որը խորհրդարանն ընդունել է»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
«Այդ մարդը (նկատի ունի Էդմոն Մարուքյանին,- խմբ.) չի կարող քաղաքական առումով իր ասելիքն ասել: Այդ մարդու մասնակցությամբ վերջին գործընթացների վերաբերյալ կարծում եմ, որ նրա վրա մեծ ճնշումներ կան՝ նախկին իշխանության մնացորդների կողմից: Ինքը երեկ վարչապետի հետ հանդիպումից հետո թույլ տվեց մի արտահայտություն, որն իր համար միգուցե խնդիրներ առաջացրեց: Կարծում եմ՝ իր հետ կապված խոսակցություն է եղել, որվհետև մարդը չի քվեարկում «Ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված օրինագծին»,-ընդգծեց Ալեն Սիմոնյանը:
Նա նշեց, որ անընդունելի է այդ սադրանքներին տրվելը, և կարծում է, որ միջադեպից հետևություններ կանեն բոլորը: Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ երբ սեռական բնույթի հայհոյանք են հնչեցնում, հակառակ կողմն ուղղակի այլընտրանք չունի: Ասաց՝ սա կազմակերպված սադրանք է: Սակայն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն էլ, ըստ Սիմոնյանի, չպետք է տրվեին սադրանքներին:
«Ես պնդում եմ, որ դա նախապատրաստված սադրանք է, որն ունի շարունակական բնույթ: Այսինքն՝ ընտրվել է մարտավարություն, որ սկզբում իրավիճակը դահլիճում լարվում է կոնկրետ Անի Սամսոնյանի ելույթներով, որտեղ օգտագործվում են այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ հիստերիկ և այլն: Հետագայում դուրս է գալիս ու սադրելով խոսում է մի մարդ, որը օրեր առաջ սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել: Եվ ակնհայտ է, որ երբ դու իջնում ես ամբիոնից ու վրա ես քշում Սասուն Միքայելյանի վրա մայիսի 8-ով և փորձում եմ սադրել, էդ մարդը կարող է նաև այդ սադրանքին չդիմանալ»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է միջադեպից հետո միջադեպին մասնակից «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից մանդատները վայր դնելուն, Սիմոնյանը բացասական պատասխան տվեց:
«Ոչ մեկը մանդատը վայր չի դնելու»,- շեշտեց նա՝ հավելելով, որ դեմ է, որ որևէ մեկի մանդատը վայր դնելու հետ կապված հարց քննարկվի:
«Սասուն Միքայելյանը Հայաստանի ամենաշատ վստահության քվեն ստացել է և իր վստահության հարցը պետք է որոշի իր ընտրողը մյուս ընտրությունների ժամանկ: էդմոն Մարուքյանը կարող է, օրինակ, մանդատը վայր դնի Անի Սամսոնյանի հետ՝ սադրանքներ կազմակերպելու համար»,- ասաց Սիմոնյանը:
Հարցին, թե նկատողություն լինելո՞ւ է, ԱԺ փոխնախագահը պատասխանեց, որ չգիտի։ Ըստ նրա, քննարկում եւ հանդիպում է լինելու նաեւ խմբակցության հետ եւ այն, ինչ քննարկել են քիչ առաջ, կկիսեն նաև խմբակցության անդամների հետ։
«Այստեղ վարչության անդամներն էին հիմնականում հավաքված»,- ասաց Սիմոնյանն ու հավելեց, որ վարչապետը ներկա չէր քննարկմանը։