Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր վերսկսվել է մարտի 1-ի գործով դատավարությունը:
Քիչ առաջ դատարան ներկայացան ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը, որոնք անձնական երաշխավորություն են ներկայացրել սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար:
Մինչ այդ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը ներկայացրեց անձնական երաշխավորությամբ Քոչարյանին ազատելու միջնորդությունը:
Դատավոր Աննա Դանիբեկյանը ճշտեց երաշխավորների ինքնությունը, բացատրեց նրանց իրավունքներն ու պարտականությունները:
Այժմ նախկին պաշտոնյաների ներկայացրած երաշխավորության վերաբերյալ իրենց դիրքորոշումներն են հայտնում դատավարության մասնակիցները: