Պարետատանը այսօր տեղի ունեցած ասուլիսը մեկնարկեց Եռատոնի առթիվ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի շնորհավորանքով: Բալայանը Շուշիի ազատագրման օրվա առթիվ հատուկ շնորհակալություն հայտնեց այդ հաղթանակը կերտողներին, շնորհավորեց համայն հայությանը:
Նախարարի տեղակալը հայտնեց, որ հաշվի առնելով համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ վաղը փակ են լինելու Եռաբլուր և «Հաղթանակ» զբոսայգի տանող ճանապարհները:
«Բացառապես արարողակարգային միջոցառումներ են լինելու: Մասնավորապես, ժամը 10:30-ից մինչև 11:00-ը տեղի կունենա Հանրապետության իշխանության բարձրագույն ներկայացուցիչների այցը Հաղթանակ զբոսայգի, «Մայր Հայաստան» հուշակոթողի մոտ ծաղիկներ կդրվեն, որից հետո կազմակերպել ենք վետերանների այց: Դրանից հետո մի փոքր անակնկալ է սպասվում»,- տեղեկացրեց Բալայանը:
Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանն էլ հայտնեց, որ ոստիկանության ուժերը կապահովեն հասարակական կարգը և անվտանգությունը:
«Մենք մեր ծառայությունը սկսել ենք այսօր: Առավոտյան 07:00-ից Եռաբլուր պանթեոնում մեր ուժերն իրականացնում են հասարակական կարգի, անվտանգության պահպանում և քաղաքացիների կուտկումների բացառում: Ծառայությունը կշարունակենք մինչև ամսի 9-իը՝ 23:59-ը: Այսօր 20:00-ից ստորաբաժանումները կանցնեն ծառայության մեր «Հաղթանակ» զբոսայգում՝ անմար կրակը և դրա հարակից տարածքները շրջափակելով, որ այնտեղ մուտք գործեն միայն սահմանված կարգով պատվիրակությունները»,- նշեց փոխոստիկանապետը:
ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսի պայմաններում անցկացվող միջոցառումները վերածվում են հոգևոր իրադարձության՝ ինչպես ապրիլի 24-ին՝ Ցեղասպանության 105-րդ տարելիցի դեպքում:
«Ծրագիրը, որն ընտրվել է Հաղթանակի օրը նշանավորելու համար, շատ հագեցած է և բազմաժանր»,- ասաց Խզմալյանը՝ հավելելով, որ համերգային ծրագրին կմասնակցեն հայտնի երգիչ-երգչուհիներ, երաժիշտներ: Խզմալյանը փակագծերը բացել չցանկացավ՝ չնշելով անցկացվելիք միջոցառումների մանրամասները:
Խզմալյանն անդրադարձավ նաև Եռատոնի առթիվ այս տարի պետական պարգևներ ու կոչումներ շնորհելուն, հիշեցնելով, որ համավարակի պատճառով նման միջոցառումներ անցկացնելու հարցում սահմանափակումներ կան:
«Մենք գիտենք, որ հիմնականում նման տոներին են տրվել պետական պարգևներն ու կոչումները, սակայն հանձնաժողովների հետ կապված սահմանափակումները և պարետատան ցուցումները պահպանելու տեսակետից որոշ խնդիրներ կան, բայց մենք առջևում ունենք մի շարք առիթներ, որոնց շրջանակում կարող ենք այդ հարցին լուծում, կարգավորում տալ»,-նշեց Արա Խզմալյանը: