ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական օգնականը, որը նրան ուտելիք է մատուցում և Սպիտակ տան արևմտյան թևում կատարում է այլ առաջադրանքներ, վարակվել է COVID-19-ով: Ըստ Սպիտակ տան խոսնակ Հոգան Գիդլիի՝ լուրը ստանալուց հետո կորոնավիրուսի թեստ են հանձնել նախագահ Թրամփն ու փոխնախագահ Փենսը: Արդյունքները բացասական են:
Վարակակիրը ԱՄՆ ռազմածովային ուժերի սպա է, որը հոգ է տանում նախագահի առօրյա կարիքների համար, տեսակավորում է նախագահի սնունդը, մատուցում խմիչք, պատշաճ վիճակի բերում նրա հագուստն ու կոշիկները:
Ըստ լրատվամիջոցների՝ Թրամփը շատ է զայրացել, երբ իմացել է, որ COVID-19 է հայտնաբերվել մի մարդու մոտ, որն ամեն օր շփվում է իր հետ:
Կորոնավիրուսով վարակվելու վտանգ ԱՄՆ նախագահի մոտ եղել է նաև մարտին, երբ Բրազիլիայի նախագահի պատվիրակությունը Ֆլորիդայում հանդիպել էր Թրամփի հետ, իսկ հետո պարզվեց, որ պատվիրակության անդամներից մեկը վարակակիր է: Այդ ժամանակ թեստ հանձնեցին Թրամփն և նրա տիկինը՝ Մելանյան, արդյունքները բացասական էին: