Ազգային ժողովում քննարկվեց «Տեսալսողական կատարումների մասին» Պեկինի պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը ներկայացրեց, որ պայմանագիրն արդիականացնում է թվային դարաշրջանում տեսալսողական կատարումների նկատմամբ երգիչների, երաժիշտների, պարողների, դերասանների իրավունքները: Տեղեկացրեց, որ այն լրացնում է 1961 թվականին Հռոմում ընդունված Կատարողների, հնչյունագիր արտադրողների, հեռարձակող կազմակերպությունների իրավունքների պաշտպանության կոնվենցիան:
Մարգարյանը նշեց. «Կատարողներին տրամադրվում են անձնական ոչ գույքային և գույքային իրավունքներ: Անձնական ոչ գույքային իրավունքներն են իրենց կատարումների նկատմամբ կատարող ճանաչվելու իրավունքը, կատարումները հնարավոր աղավաղումներից համբավին կամ արժանապատվությանը վնաս հասցնող այլ ոտնձգություններից պաշտպանելու իրավունքը»,- ասաց նախարարի տեղակալը:
Նա ներկայացրեց, որ պայմանագրով կատարողներն արդարացի վարձատրություն ստանալու իրավունք են ունենում տեսալսողական ամրագրումներում ամրագրված իրենց կատարումների հեռարձակման դեպքում, երբ դրանք հանրությանն են հաղորդում՝ ուղղակի կամ անուղղակի օգտագործելու համար: Տրամադրվող պահպանության ժամկետը 50 տարի է: Մարգարյանը տեղեկացրեց, որ պայմանագիրն ուժի մեջ է մտել 2020 թվականի ապրիլի 28-ին, երբ միացել են 30 այլ երկրներ:
«Պայմանագիրը կամրապնդի և անհրաժեշտության դեպքում կնպաստի միավորել տեղական տեսալսողական ստեղծագործությունների արտադրությունը միջազգային միասնական իրավական փաստաթղթերի ինտեգրման շնորհիվ: Կնպաստի տեսալսողական ստեղծագործությունների արտադրության զարգացմանն ու բազմազանությանը»,- ասաց նախարարի տեղակալը: Նա նաև ընդգծեց, որ պայմանագրին միացած երկրների համար կստեղծվեն ազգային մշակույթի ներկայացման ու փոխանակման նպաստավոր պայմաններ: