Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Արցախի հերոս, Շուշիի ազատագրման գործողության հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանին:
«Շուշիի ազատագրումը շատ մեծ նշանակություն ունի բոլորիս համար։ Շուշիի ազատագրումից հետո ամեն մարդ գիտեր, որ՝ վերջ, պատերազմը հաղթելու ենք,- շնորհավորելով լեգենդար հրամանատարին՝ ասել է նախագահ Սարգսյանը։- Քսանութ տարի առաջ տեղի ունեցածին տրվել են տարբեր գնահատականներ, բայց իմ գիտակցության մեջ Դուք Շուշիի ազատագրման օրվա խորհրդանիշն եք։ Իհարկե, լավ կլիներ, որ մեր մյուս ընկերները ևս այստեղ ներկա լինեին։ Եռաբլուրի ամեն մի մարտիկ հերոս է, անկախ նրանից՝ պետությունը նրան հայտարարե՞լ է ազգային հերոս, թե՞ ոչ: Նրանք բոլորը հերոսներ են:
Որպեսզի հաղթանակը մշտական լինի, պետք է ամեն օր աշխատենք, որ և՛ Հայաստանը, և՛ Արցախը լինեն հզոր, ուժեղ թե՛ տնտեսությամբ, թե՛ պետական կառուցվածքով, թե՛ բանակով։ Ունենանք հզոր Հայաստան և հզոր Արցախ»:
Արկադի Տեր-Թադևոսյանը շնորհակալություն է հայտնել գնահատանքի և հյուրընկալության համար՝ նշելով, որ Շուշիի հաղթանակը մեր ժողովրդի միասնականության շնորհիվ էր: «Մենք ազգովի ենք այդ պայքարը մղել, միայն բանակը չէր: Դա մեր ժողովրդի միասնության հաղթանակն էր: Ապագայում նույնպես մենք ունենք այդ միասնականության կարիքը՝ հետագա հաղթանակների համար»,- նշել է Արկադի Տեր-Թադևոսյանը: