Մայիսի 8-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղըզստանի ԱԳ նախարար Չինգիզ Այդարբեկովի հետ:
Գործընկերները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով առաջացած մարտահրավերների և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերի շուրջ՝ այդ առումով ընդգծելով միջազգային համագործակցության առանցքային կարևորությունը:
Հայաստանի և Ղրղըզստանի արտգործնախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Երկուստեք վերահաստատվել է բոլոր հնարավոր ուղղություններով փոխգործակցության խորացման և տարբեր մակարդակներում հաստատված երկխոսության դինամիկայի պահպանման պատրաստակամությունը: Կարևորվել է իրավիճակի կայունացման պես երկկողմ ծրագրերի իրագործմանն ուղղված աշխատանքների վերսկսումը, այս առումով առանձնանշվել համատեղ միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի գումարումը։
Նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերի և նախաձեռնությունների շուրջ: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը և Չինգիզ Այդարբեկովն ուրվագծել են ԵԱՏՄ, ՀԱՊԿ ու ԱՊՀ շրջանակներում անդամ երկրների փոխգործակցության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը:
Հայաստանի և Ղրղըզստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի: