ԱԺ դահլիճում այսօր առավոտյան տեղի ունեցած միջադեպին անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարության 2019 թ. ծրագրի կատարողականի վերաբերյալ ամփոփիչ ելույթը վարչապետը նվիրել է միջադեպին:
«Ես ուզում եմ միանշանակ և աներկբա ընդգծել իմ վերաբերմունքը` ասելով, որ դատապարտում եմ բռնության ցանկացած երևույթ իր բոլոր դրսևորումներով: Ուզում եմ ընդգծել՝ բռնությունը՝ իր բոլոր դրսևորումներով»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ բռնությունը լինում է ոչ միայն ֆիզիկական, այլև բարոյական, հոգեբանական:
«Պետք է շատ ուղիղ ընդգծել, որ արդեն երկու տարի հեղափոխական թիմը, այդ թվում՝ այս խորհրդարանական մեծամասնությունն ու այս Կառավարությունը, հետևողականորեն ու շարունակաբար ենթարկվում է բարոյական ու հոգեբանական բռնությունների»,- նշեց նա:
Վարչապետի խոսքով՝ այս ամենը ունի մեկ նպատակ՝ խեղճացնել ու քայքայել քաղաքական մեծամասնությունը և քայքայել ժողովրդի ու քաղաքական մեծամասնության միջև առկա վստահությունը:
«Այո, երեկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը ինձ հրավիրել է սուրճ խմելու, և ես ընդունել եմ հրավերը, ինքս իջել եմ իմ նախկին աշխատասենյակը, որտեղ այժմ պարոն Մարուքյանն է նստում, և ուղիղ ասել եմ՝ այո, պարոն Մարուքյան, մենք բոլորս ունենք հիմքեր կասկածելու, որ դուք և ձեր գործունեությունը, այդ ողջ հոգեբանական բարոյական բռնությունները և, ի վերջո, ֆիզիկական բռնություններ գործադրելու պլանի մասն է»,- նշեց վարչապետը:
Փաշինյանն ասաց, որ դիտել է առավոտյան տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը: Նա հարցրեց, թե ի՞նչ գործ ուներ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցողը դահլիճի կենտրոնում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը:
«Երբ, որ ամբիոնից իջնում էր ու մեծ արագությամբ ընթանում էր դեպի պատգամավոր Սասուն Միքայելյանը, ինչի՞ համար էր գնում: Ինչի՞ համար էր գնում: Քաղաքական երկխոսություն ծավալելո՞ւ: Կամ որտեղի՞ց վստահությունը, որ եթե նույնիսկ Սասուն Միքայելյանը տեղից վեր էր կացել, շարժվել էր, որտեղի՞ց վստահությունը, որ նա ուղղակի վրդովմունքը իր ձևով արտահայտելով դուրս չէր գալու այս դահլիճից: Տեղի ունեցածն այլ կերպ, քան քստմնելի սադրանք, ես չեմ կարող անվանել, մանավանդ տեսագրությունը մի քանի անգամ դիտելուց հետո»,- ասաց վարչապետ Փաշինյանը:
Նա շեշտեց, որ դատապարտում է նաև իրենց, որ տրվում են նման սադրանքների:
«Մենք իրավունք չունենք տրվելու սադրանքների: Մեզ անընդհատ, ամեն օր ուզում են շեղել մեր արժեքներից: Էս ամբիոնից էր էդ մարդը ասում՝ մեզ պադյեզդներում ծեծելո՞ւ եք: Նրանք մեզ ուզում են դարձնել իրենց պադյեզդներում ծեծողներ: Նրանք ուզում են մեզ հավասարեցնել քիլլերների, նրանք մեզ ուզում են շեղել մեր արժեքներից, հանել հավասարակշռությունից: Այո, այսօր ՀՀ-ում հաստատված է բացառիկ իրավիճակ, երբ իշխանությունն ամեն օր դառնում է բռնության զոհ: Իշխանությունը ամեն օր դառնում է բռնության զոհ սերժական, քոչարյանական հանցավոր բանդայի և նրանց խորհրդարանական սպասարկուների կողմից: Սա է ճշմարտությունը»,- նշեց Փաշինյանը:
Նա միջադեպին անդրադարձավ նաև օրենքի և օրինականության տեսանկյունից: Փաշինյանի խոսքով՝ քրեական օրենսգրքոում կաշառքը համարվում է հանցանք, բայց կա առանձին հանցանք՝ կաշառքի սադրանքը: Ըստ նրա՝ սադրանքը նույնպիսի հանցագործություն է, ինչ դրա հետևանքները:
«Այո, ես դատապարտում եմ մեզ: Ես դատապարտում եմ ինձ: Եվ այսօր տեղի ունեցածը համարում եմ մեր և անձամբ իմ ամենամեծ պարտությունը, որ ունեցել ենք հեղափոխությունից հետո,- շեշտեց նա՝ հավելելով,- բայց սա որևէ մեկին թող հուսավառ չանի»:
Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ այս ամենը կապ ունի նաև ԱԺ ընդունած՝ «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի հետ, նրա գնահատմամբ՝ բազմաթիվ ու բազմապիսի քրեական գործերի հետ:
«Որովհետեւ երբ գողացված միջոցները վերադարձնեն, որտեղի՞ց են թուլափայը ստանալու թուլափայ ստացողները»,- հարցրեց նա:
Փաշինյանի գնահատմամբ՝ այժմ շատ կենսական հարց է լուծվում. բռնության է ենթարկվում ոչ միայն իշխող մեծամասնությունը, այլև հոգեբանական բռնության ենթարկվում է հանրությունը: «Որովհետև նրանք ուզում են մեզ դնել ընտրության առաջ՝ կա՛մ մենք դառնանք պադյեզդներում ծեծողներ, կա՛մ վախենան պադյեզդ մտնելուց: Թույլ չենք տա: Այո, այդ պադյեզդներում ձեզ ասֆալտներին կպառկացնենք: Դուք չունեք հնարավորություն Հայաստանի ժողովրդից վերցնելու այն իշխանությունը, որ պատկանում է ժողովրդին»,- նշեց նա:
Վարչապետը հիշեցրեց, թե ժամանակին ոնց է Էդմոն Մարուքյանն ԱԺ ամբիոնից խոսել Հովիկ Աբրահամյանի հետ, Սերժ Սարգսյանի հետ, և ոնց են խոսում հիմա՝ ժողովրդի լեգիտիմ իշխանություն ունեցող մեծամասնության հետ:
Ամփոփելով ելույթը՝ վարչապետը վերստին ընդգծեց, որ բռնությունը մեր իրականության մեջ տեղ չունի, և այդ միջադեպն այլևս երբեք չպետք է կրկնվի:
«Ես դատապարտում եմ ձեզ, պարոն Միքայելյան, դատապարտում եմ ինձ, մեզ: Դատապարտում եմ ծառայության՝ Հայաստանի ժողովրդին, Արցախի ժողովրդին և այն արժեքներին, որոնք դարձել են 2018 թ. ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության լոկոմոտիվ, տանող ուժ»,- նշեց վարչապետը: