«Ցանկանում եմ արձանագրել, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ԱԺ է բերում ոչ թե «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրակարգը, այլ անհասկանալի, Ազգային ժողովից դուրս գտնվող խուլիգանական խմբակների օրակարգը: Սա փաստ է»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով առավոտյան ԱԺ դահլիճում տեղի ունեցած ծեծկռտուքին:
Լիլիթ Մակունցը նախ խմբակցության անունից ՀՀ քաղաքացիներից ներողություն խնդրեց կատարված միջադեպի համար: Նա նշեց՝ ցավում է, որ «Իմ քայլը» խմբակցությունը տրվել է սադրանքների:
«Ամեն ինչ սկսվեց «Ապօրինի ծագմամբ գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումից: Այն պահից, երբ այդ առնչությամբ իր դիրքորոշումը հայտնեց նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ կողմ չքվեարկելով այդ նախագծին: Այդ նախագծի ընդունումից հետո ԱԺ-ում շեշտակի փոխվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության, հատկապես խմբակցության ղեկավարի վարքագիծը: Նկատի ունեմ, որ պարոն Մարուքյանը պատգամավոր եղած ժամանակ երբևէ իրեն թույլ չի տվել այնպիսի բառամթերք, որը թույլ է տվել 7-րդ գումարման ԱԺ-ում»,- շեշտեց Մակունցը:
Նա հիշեցրեց նաև, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն օրերս ԱԺ նիստերի դահլիճում ուղիղ եթերում սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց ԱԺ փոխնախագահի հասցեին, և դրան չհետևեց ներողություն: Մակունցը շեշտեց, որ դրանից հետո սկսվեցին գործընթացներ ԱԺ նիստերի դահլիճից դուրս:
«Այժմ արդեն շաբաթներ շարունակ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը փորձում է սադրել և ներքաշել «Իմ քայլը» խմբակցությանը այնպիսի գործողությունների մեջ, որոնք այս տեսախցիկների առջև «Իմ քայլը» խմբակցությանը կներկայացնեն հենց այն տեսանկյունից, ինչպիսին ուզում էր և սադրում էր Էդմոն Մարուքյանը»,- ասաց Մակունցը՝ հավելելով, որ միջադեպը որևէ կերպ չի ուզում արդարացնել, փոխարենը վերահաստատեց, որ ցավում է կատարվածի համար: