ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրապարակած տեխնիկական ուղեցույցը նպատակ ունի օգնել իշխանություններին՝ համավարակի ընթացքում երեխաների պաշտպանության միջոցներն ամրապնդելու գործում:
Կորոնավիրուսի համավարակի տարածման արդյունքում մեծ է հավանականությունը, որ միլիոնավոր երեխաներ ամբողջ աշխարհում կհայտնվեն անվտանգությանն ու բարեկեցությանը սպառնացող ռիսկի տակ: Խոսքը վատ վերաբերմունքի, գենդերային բռնության, շահագործման, սոցիալական մարգինալացման ու խնամակալներից մեկուսացված լինելու մասին է: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հորդորում է կառավարություններին՝ ապահովել երեխաների անվտանգությունն ու բարեկեցությունը՝ վարակի ստեղծած ահագնացող սոցիալ-տնտեսական հետևանքների լույսի ներքո: ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Մարդասիրական գործունեության ընթացքում երեխաների պաշտպանության դաշինքը գործընկերների հետ միասին հրապարակել են ուղեցույց՝ արձագանքման գործընթացում ներգրավված պետական կառույցներին ու այլ կազմակերպությունների աջակցելու նպատակով:
Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում ՔՈՎԻԴ-19-ը հեղաշրջել է երեխաների ու ընտանիքների կյանքն ամբողջ աշխարհում: Կարանտինային միջոցառումները, ինչպես, օրինակ՝ դպրոցների փակումը և տեղաշարժման սահմանափակումները, թեև անհրաժեշտ են, սակայն միաժամանակ խաթարել են երեխաների առօրյան ու նրանց տրամադրվող աջակցության համակարգերի աշխատանքը, ավելացրել երեխաներին խնամողների սթրեսը՝ որոշ դեպքերում նրանց ստիպելով հրաժարվել աշխատանքից:
ՔՈՎԻԴ-19-ի առաջացրած խարանը որոշ երեխաների ավելի խոցելի է դարձրել բռնության ու հոգեբանական տառապանքների տեսանկյունից: Միաժամանակ, իրականացվող վերահսկողական միջոցառումները, որ հաշվի չեն առնում գենդերային կարիքները և կանանց ու աղջիկների խոցելիությունը, կարող են ավելացնել սեռական շահագործման, չարաշահումների և անչափահասների ամուսնության հետ կապված ռիսկերը: Վերջերս Չինաստանից ստացված տվյալների համաձայն՝ երկրում աճել է կանանց ու աղջիկների դեմ ընտանեկան բռնության դեպքերի քանակը:
«Հիվանդությունն անուղղակիորեն հարվածում է երեխաներին ու ընտանիքներին բազմաթիվ ճանապարհներով՝ առանց վարակելու»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների պաշտպանության հարցերով տնօրեն Կոռնելիուս Ուիլյամսը: «Դպրոցները փակվում են: Ծնողները երեխաների խնամքի ու ծայրը ծայրին հասցնելու մաքառման մեջ են: Երեխաների պաշտպանության ռիսկերը մեծանում են: Այս ուղեցույցը կառավարությունների ու երեխաների պաշտպանության պատասխանատու մարմինների համար ուրվագծում է գործնական այն միջոցառումները, որ հնարավոր է իրականացնել անորոշության այս ժամանակաշրջանում երեխաներին անվտանգ պահելու համար»:
Կառավարություններին ու երեխաների պաշտպանության կառույցներին խորհուրդ է տրվում կոնկրետ քայլեր ձեռնարկել երեխաների պաշտպանությունն ապահովելու համար, որպես ՔՈՎԻԴ-19-ի կանխարգելման ու վերահսկման միջոցառումների անբաժանելի մաս, այն է՝
-
Առողջապահության, կրթության և մանկական ծառայությունների մասնագետներին վերապատրաստել երեխաների պաշտպանության ոլորտում ՔՈՎԻԴ-19-ի առաջացրած ռիսկերի, սեռական շահագործման ու չարաշահումների կանխարգելման միջոցների և մտահոգիչ դեպքերի վերաբերյալ հաղորդումներ ներկայացնելու անվտանգ մեթոդների կիրառման թեմաներով.
-
Առաջին արձագանքողներին վերապատրաստել գենդերային բռնության զոհերին աջակցելու նպատակով, գենդերային բռնության դեպքերի փաստերի հրապարակման գործելակերպի ու առողջապահության ծառայությունների հետ համագործակցելու թեմաներով.
-
Բարելավել երեխաների համար ուղղորդումների և այլ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման հնարավորությունները.
-
Երեխաներին, մասնավորապես, պատանիներին ներգրավել ՔՈՎԻԴ-19-ի ազդեցության գնահատման գործընթացում.
-
Թիրախավորված օգնություն տրամադրել ժամանակավոր աջակցության կենտրոններին ու ընտանիքներին, այդ թվում՝ խնամատարներին և այն ընտանիքներին, որտեղ հաց վաստակողն անչափահաս է՝ նպատակ ունենալով էմոցիոնալ աջակցություն տրամադրել երեխաներին և ապահովել պատշաճ ինքնախնամքի հնարավորություններ.
-
Ֆինանսական ու նյութական աջակցություն տրամադրել այն ընտանիքներին, որոնց եկամտի ապահովման հնարավորությունները նվազել են.
-
Երեխաներին ընտանիքներից հեռացնելու հնարավորությունները կանխելու նպատակով՝ կոնկրետ միջոցներ ձեռնարկել և երաշխավորել ծնողի կամ խնամատարի հոսպիտալացման կամ մահվան հետևանքով միայնակ կամ առանց պատշաճ խնամքի մնացած երեխաներին տրամադրվող աջակցությունը.
-
Ապահովել, որ հիվանդությունների վերահսկմանն ուղղված միջոցառումների ընթացքում ամենաշատ ուշադրությունը դարձվի բոլոր երեխաների պաշտպանությանը: