Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վրաստանի նախկին նախագահ և Օդեսայի տարածաշրջանային պետական կառավարման նախկին ղեկավար Միխայիլ Սաակաշվիլիին նշանակել է Ուկրաինայի Բարեփոխումների Ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում: Այս մասին հայտնում է TACC գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությանը:
Զելենսկին շնորհավորել է քաղաքական գործչին «նոր և պատասխանատու պաշտոն զբաղեցնելու» համար և հույս հայտնել, որ Սաակաշվիլին կկարողանա նոր լիցքեր հաղորդել Բարեփոխումների ազգային խորհրդի աշխատանքին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահը ցանկանում էր Սաակաշվիլիին նշանակել Բարեփոխումների հարցերով փոխվարչապետի պաշտոնում, սակայն առաջարկը Գերագույն ռադայում բավական քանակությամբ ձայներ չէր ստացել:
Ուկրաինայի Բարեփոխումների Ազգային խորհուրդն ստեղծվել է 2014 թվականին ՝ երկրի այդ ժամանակվա նախագահ Պետրո Պորոշենկոյի հրամանով: Դա Ուկրաինայի նախագահի ներքո գործող հատուկ խորհրդատվական մարմին է: