ԱԺ-ում շարունակվում է «Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկումը:
Հարակից զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի՝ համայնքների խոշորացմանը վերաբերող հարցին, նշեց, որ Իջևան համայնքի խոշորացման օրենքի նախագծի զեկույցի ժամանակ դեռ նշել է, որ նախկինում եղել են խոշորացումներ, որոնք քաղաքական նպատակահարմարություն են հետապնդել:
«Համայնքների միավորման պրոցեսը շարունակական է լինելու, այն համայնքները, որոնք չեն արդարացրել տվյալ ֆորմատով միավորումը, բնականաբար, կարող են վերանայվել և այլ ֆորմատով միավորվել, որը իրենից կենթադրի աշխարհագրական, տնտեսական և քաղաքացիների համար ընդունելի տարբերակ»,- նշեց Պապիկյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանն էլ խնդրեց նախարարին համայնքների խոշորացման արդյունքներն ամփոփել:
Պապիկյանը նշեց, որ կան երկու տիպի միավորված համայնքներ: Առաջինը այն համայնքներն են, որոնք միավորվել են աշխարհագրական ու տնտեսական հենքի վրա և լավ աշխատանքի դեպքում ունեն իրենց դրական արդյունքները:
«Օրինակ՝ խոշորացված համայնքները սուբվենցիոն ծրագրերի առյուծի բաժինն են տանում: Սա փաստում է մեր այն հիմնավորումը, որ խոշորացված համայնքները կարողանում են ֆինանսական ռեսուրսներ մոբիլիզացնել և ճիշտ կառավարման պարագայում շենացնել խոշորացված համայնքի մաս կազմող բնակավայրերը: Դրա օրինակները շատ են: Կարող եմ ասել՝ եթե խոշորացված համայնքը քաղաքական միավորման հենք չի ունեցել, տնտեսական հաջողությունները մի քանի անգամ ավելի են»,- նշեց Պապիկյանը: