Աշխարհի շատ երկրներում կորոնավիրուսի համավարակը դեռևս հաղթահարված չէ, և ամառային արձակուրդները լավ անցկացնելու գաղափարը շատերիս համար հեռավոր երազանք է թվում: Սակայն, միգուցե, ոչ Հունաստանի համար՝ գրում է CNN-ը:
Միջերկրածովյան այս պետությունն ունի կորոնավիրուսի դեմ պայքարի իր հաջողված պատմությունը: Խիստ սահմանափակումների վաղ կիրառմամբ Հունաստանը կարողացել է ցածր պահել կորոնավիրուսից մահացության ցուցանիշը՝ մոտ 150:
Այս շաբաթ էլ վերաբացվել են որոշ բիզնեսներ՝ վարսավիրանոցներ ու գրախանութներ:
Երկրում վարակի դեմ հաջողված պայքարով պայմանավորված իրադարձությունների զարգացումը Հունաստանի վարչապետին հույս է ներշնչում, որ ամռանը կարող են զբոսաշրջիկների հյուրընկալել: Կառավարության ղեկավարը հայտնել է, որ, հավանաբար, բարերը չեն վերաբացվի ու զանգվածային միջոցառումներ չեն լինի, սակայն հնարավոր կլինի հիանալի արձակուրդ անցկացնել Հունաստանում: Եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա Հունաստանը զբոսաշրջության համար կբացվի հուլիսի 1-ից: