ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ կորոնավիրուսի իր թեստի պատասխանը բացասական է:
«Նախօրեին մի շարք ԶԼՄ-ներ անդրադարձան ԱԺ-ում Covid-19-ի տարածման թեմային։ Շրջանառվում էր իմ անունը, որի համար ներկայացնում եմ այս պարզաբանումը։
Որևէ մեկն ապահովագրված չէ, և նման տարածման դեպքում, հավատացեք, որ ռիսկի խմբում մեզանից յուրաքանչյուրը կարող է հայտնվել։ Բայց անգամ այդ պարագայում եկեք հանդուրժող լինենք և հարգենք դիմացինի անձնական կյանքին վերաբերող տեղեկատվությունը։ Ցավոք, որոշ ԶԼՄ-ներ էթիկան խախտելով՝ երեկ նշել էին օգնականիս անձնական տվյալները և շեշտադրել, որ վարակակիրը ԱԺ-ում նա է եղել։
Քանի որ ավելի ուշ հրապարակավ նա հաստատել է փաստը, ինձ մնում է հորդորել բոլորին դադարեցնել այս թեմայի քննարկումը։
Մաղթում եմ առողջություն և արագ ապաքինում բոլոր հիվանդներին, նաև ևս մեկ անգամ երախտիքի խոսքեր հղում բուժաշխատողներին։ Դժվար շրջանը միասին կհաղթահարենք։
Արդեն ստացել եմ իմ թեստի պատասխանը՝ բացասական է»,- գրել է նա։