ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Եղվարդի համայնքապետարանում կատարված ապօրինությունների վերաբերյալ։
Քննությանը հայտնի տվյալներով՝ Եղվարդ համայնքի ղեկավարն ու համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ են օգտագործել և, կեղծելով ավագանու 2015 թ. օգոստոսի պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող որոշումը, աճուրդի են ներկայացրել Եղվարդ-Աշտարակ ճանապարհի աջակողմյան հատվածի ընդհանուր 15 հեկտարից ավելի մակերեսով հողատարածքները, ինչից հետո, խախտելով հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի պահանջները, 2015 թ. հոկտեմբերին, առանց իրական սակարկումների անցկացման, կազմակերպել են ձևական աճուրդներ, որոնց արդյունքում ընդհանուր 59 միլիոն 300 հազար դրամ լիկվիդացիոն արժեքով հիշյալ հողատարածքները անհամեմատ ցածր՝ ընդհանուր 7 միլիոն 790 հազար դրամով օտարել են համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետի անվամբ՝ հետագայում հողատարածքները ավելի բարձր գնով վերավաճառելու կամ շահավետ օգտագործելու համար։ Այս ամենի հետևանքով խախտվել են համայնքի օրինական շահերը և անզգուշությամբ պատճառվել է էական վնաս։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։