Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակում որոշ ապրանքների ներմուծումը Եվրասիական տնտեսական միության տարածք ազատվել է մաքսատուրքից:
Մասնավորապես` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 16.03.2020 թ. թիվ 21 և 03.04.2020 թ․ թիվ 34 որոշումների համաձայն՝ մինչև 2020 թ․ սեպտեմբերի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիրը գրանցելու և ապրանքների ներմուծման թույլտվությունը համապատասխան լիազորություն ունեցող գործադիր մարմնի կողմից ներկայացվելու դեպքում մաքսատուրքից ազատվելու են հիմնականում բժշկական նշանակության որոշ ապրանքներ: Հարկ է նշել, որ արտոնությունն ուժի մեջ է
մտել 2020 թ. մարտի 16-ից:
ԵՏՀ 03.04.2020 թ․ թիվ 33 որոշման համաձայն՝ մինչև 2020 թ․ հունիսի 30-ը ներառյալ «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքային հայտարարագիր գրանցելու դեպքում բժշկական պարագաներից բացի մաքսատուրքից ազատվելու են նաև գյուղատնտեսական որոշ ապրանքներ: Արտոնությունն ուժի մեջ է մտել 2020 թ. ապրիլի 1-ից։