ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը Կառավարության 2019-ի կատարողական ծրագրի մասին հարակից զեկուցմամբ հանդես եկավ:
Մանուկյանը նշեց, որ շատ հաճախ տնտեսական առումով համեմատությունները տարիների միջև անցկացվում են՝ միայն տնտեսական աճի ցուցանիշը համեմատելով, օրինակ՝ 2017-ին աճի ցուցանիշը եղել է 7.5%, 2019-ին՝ 7.6%:
«Արդյո՞ք այս ծրագրերի հասցեականության, արդյունավետության տարբերությունը ընդամենը 0.1% է: Իհարկե՝ ոչ: Մենք տնտեսական աճի ցուցանիշին չպետք է վերաբերվենք որպես բացարձակ արժեքի, այլ պետք է դիտարկել որակական ցուցանիշը: Մենք անընդհատ պետք է խոսենք տնտեսական զարգացման, ոչ թե տնտեսական աճի մասին, որը իր մեջ ներառում է քաղաքական համակարգեր, սոցիալական ենթակառուցվածքներ, որքանով են սրանք արդյունավետ կենսագործվել»,- նշեց Մանուկյանը:
Իրական ՀՆԱ-ի աճի մասին խոսելիս պատգամավորը նշեց, որ պետք է արդեն ոչ միայն Եվրոպայի, այլև աշխարհի հետ համեմատվել:
«Աշխարհում այդ ցուցանիշի աճով մենք 7-րդ տեղում ենք: Այնտեղ ավելի բարձր աճի թվեր են գրանցել գաճաճ կամ համեմատաբար փոքր պետությունները՝ Հարավային Սուդանը, Ռուանդան, Լիբիան, Դոմինիկյան Հանրապետությունը, Եթովպիան, Բանգլադեշը»,- նշեց Մանուկյանը:
Շարունակելով համեմատությունները 2017 թվականի հետ՝ Մանուկյանը նշեց նաև, թե ինչպիսին էր աշխարհը և ինչ իրավիճակ կար մակրոաճի հետ կապված այդ թվականին:
«2017-ին աշխարհում միջինը արձանագրվել է 3.9 տոկոս աճ, որից զարգացող երկրները՝ 4.8%: 2018-ին աշխարհում արձանագրվել է միջինում 3.6%, իսկ զարգացող երկրները՝ 4.5%, 2019-ին՝ 2.9% միջինում արձանագրվել է աշխարհում, իսկ զարգացող երկրներում՝ 3.7%: Երբ քո գործընկեր երկրներում տնտեսական աճի տեմպերը քիչ լինելով, աշխարհում ավելի վատ պայմաններում՝ դու արձանագրում ես ավելի համադրելի ընդհուպ՝ բարձր աճ, սա խոսում է որոշակի առաջանցիկ տեմպերի մասին»,- նշեց Մանուկյանը:
Մանուկյանը նաև հիշեցրեց, որ 2017-ին 7.5% տնտեսական աճի պայմաններում մոտ 800 միլիոն դոլար պետական պարտք է վերցվել: