Խորհրդարանում Կառավարության 2019թ. ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը մատնանշեց գործող իշխանության օրոք Արցախյան հիմնախնդրում գրանցված կարևոր ձեռքբերումները:
«Մենք ասացինք, որ Արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացին մենք գնում ենք սեփական օրակարգով, դա բազմաթիվ հարցեր ու քննարկումներ առաջ բերեց: Այդ օրակարգի առաջնային դրույթը փոխվստահության մթնոլորտի ստեղծումն է: Մենք իսկապես, կարող ենք խոսել, քննարկել, բանավիճել տարբեր լուծումներից, որոնք տարիներ շարունակ մեզ առաջարկվել են: Սակայն ինչպե՞ս կարող է որևէ լուծում աշխատել, եթե դա ընդունելի չէ ժողովուրդների համար»,- հայտարարեց պատգամավորը:
Նա հիշեցրեց, որ հայկական կողմը բազմիցս շեշտել է՝ հրադադարի ռեժիմը պետք է պահպանվի, քանի որ հնարավոր չէ ունենալ առարկայական բանակցություններ, երբ հակառակորդը փորձում է խոսել սպառնալիքի կամ ուժի սպառնալիքի լեզվով: Հայրապետյանի խոսքով, այժմ ունենք հրադադարի ռեժիմի պահպանում, սահմանային միջադեպերի նվազում:
Նա խոսեց նաև Արցախը բանակցային սեղային վերադարձնելու գործընթացից: Ասաց՝ դա բարդ ու տևական գործընթաց է, և պահանջում է համառ ջանքեր: Ըստ նրա, առանց Արցախի վերադարձի, հնարավոր չեն առարկայական, շոշափելի ձեռքբերումներով բանակցություններ:
«1915-ին մենք սովորեցինք մեր դասը՝ այլևս զիջման չգնալ անվտանգային հարցերում»,- շեշտեց պատգամավորը: