ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Կառավարության 2019 ծրագրի կատարողականի քննարկման ժամանակ անդրադարձավ հարցին, թե որքանով է գործադիրը կարողացել մեկ տարվա ընթացքում պետությունը կեղեքող ռեժիմից վերադարձնել հանրությանը, կամ ինչ է արվել, որ հանրությունը հետ ստանա նախկինում իրենից գողացվածը:
«Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը, ճիշտ է՝ այս տարի ընդունվեց, բայց արդարադատության նախարարության նախորդ տարվա աշխատանքի արդյունքն էր: Անցյալը խմբագրելու և ներկան կարգի գցելու այս ցավոտ գործընթացը մեզ բոլորիս պահելու է քաղաքական լարումի մեջ: Պարզ է, որ ապօրինի հարստացածները, որ իրենց կյանքը, անունը, կարիերան դրել են ամեն ինչի մեջ, հեշտությամբ չեն վերադարձնելու հանրային ունեցվածքը, խուսափելու են պատասխանատվությունից: Սակայն առանց արդարության վերականգնման մեր երկրում չի մարելու հանրային դժգոհությունը, չի վերականգնվելու իրական հանրային համերաշխությունը: Կարծում եմ, որ սա այն օրենքներից է, որը հաջողություն ունենալու դեպքում կոնկրետ օրինակներով բացահայտելու է մեր անցյալը: Կարևորում եմ, որ այս օրենքը վերաբերում է ոչ միայն անցյալին, այլև օգնելու է անցյալի սխալները չկրկնելու հարցում: Մյուս տարի ԱԺ-ում կլսենք այս օրենքի կատարման հաշվետվությունը, ու վստահ եմ, որ ողջ հանրությունը, ինչպես և ես, մեծ սպասումներ ունենք այդ օրից»,- նշեց Նազարյանը:
ԱԺ փոխխոսնակը անդրադարձավ նաև հակակոռուպցիոն ռազմավարությանը՝ շեշտելով, որ այն արժանացավ հանրության հավանությանը: