«Շտապօգնության» աշխատակիցներից 12 հոգու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս՝ տեղեկացրել է «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ պարետատան ճեպազրույցների ժամանակ: Ըստ նրա՝ կորոնավիրուսը հայտնաբերվել է թեստավորման արդյունքում, վարակակիրները չեն ունեցել որևէ ախտանշան: Ստեփանյանը տեղեկացրեց, որ վարակակիր աշխատակիցներն այժմ մեկուսացված են բուժհաստատություններում:
«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրենն անդրադարձավ նաև այս օրերին կանչերի թվին: Նա տեղեկացրեց, որ օրական ունենում են 600-650 կանչ: Ստեփանյանի խոսքով՝ մայիսի 4-ից հետո, երբ արտակարգ դրության ռեժիմը մեղմացվել է, շտապօգնության կանչերը չեն ավելացել: «Կանչերի բարձրացման տենդենց չենք ունեցել»,- ասաց նա: