Կառավարությունն այսօր որոշեց ԿԳՄՍ նախարարությանը բյուջեով հատկացված միջոցներից 743 մլն 769 հազար դրամ հատկացնել Քաղաքաշինության կոմիտեին՝ ուսումնական և մարզական հաստատությունների շենքային պայմանների բարելավման գործընթացի կազմակերպման համար:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ նշվածը բխում է ուսումնական և մարզական հաստատությունների, մասնաշենքերի, մարզադահլիճների նորոգման կամ հիմնանորոգման, կառուցման կամ վերակառուցման անհրաժեշտությունից, նաև ՀՀ Արմավիրի մարզում ծանրամարտ մարզաձևի համար ժամանակակից և արդի պահանջներին համապատասխան մարզադահլիճի կառուցման անհրաժեշտությունից։
«Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը և նրա մարզիչն ու գործընկերները դիմել էին մեզ, որպեսզի Արմավիրում մարզադահլիճ կառուցվի։ Այս տարածաշրջանում ծանրամարտի հետ կապված կա հետաքրքրություն, սակայն չկան համապատասխան պայմաններ, ուստի որոշեցինք մարզադահլիճ կառուցել»,- ասաց Հարությունյանը։
Մարզադահլիճի կառուցման համար արդեն իսկ նախագծեր են պատրաստվում։ Քաղաքաշինության կոմիտեի կողմից էլ արդեն կնքվել են «Երևանի Լեոյի անվան N 65 ավագ դպրոց», «Վաղարշապատի Մովսես Խորենացու անվան N 10 ավագ դպրոց», «Վեդիի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ների շենքային պայմանների բարելավման, 20 հանրակրթական ուսումնական հաստատությունների մարզադահլիճների վերակառուցման, ինչպես նաև հեծանվասպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրերը։