Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը, ներկայացնելով 2020 թվականի բյուջեով նախատեսված հատկացումներով աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման միջոցառումները հաստատելու հարցը, նշեց, որ նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով Կառավարության ծրագիրը:
Ղուլարյանը նշեց, որ դեռ 2018 թվականին հատկացված 460 միլիոն դրամի հաշվին լուծվել է Լոռու մարզի գյուղական բնակավայրերի 44 ընտանիքների բնակարանային խնդիրը: Հատկացված միջոցներից տնտեսումների հաշվին ընթացքի մեջ է ևս 7 ընտանիքի բնակարանային խնդիր:
2019-ին հատկացված 560 միլիոն դրամի հաշվին նույն մեխանիզմով 61 ընտանիքի բնակարանային խնդիր է լուծվել:
«2019-ի տարեվերջին դեռևս լուծման կարիք ուներ մոտ 460 ընտանիքի խնդիր: 2019-ի նոյեմբերին Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 1 միլիարդ 290 միլիոն դրամ, և այդ աշխատանքները շուտով կավարտվեն: Այս նախագծով կարգավորվում է մյուս 229 ընտանիքների բնակարանային խնդիրը: Նախագծով նախատեսված շուրջ 3 միլիարդը կբաշխվի հետևյալ կերպ՝
-
1 միլիարդ 868 միլիոնը՝ Լոռու մարզի 162 ընտանիքի համար, որից 153-ը՝ բնակելի տան շինարարություն.
-
988 միլիոն դրամը՝ Շիրակի մարզի 59 ընտանիքի համար.
-
143.4 միլիոն դրամը՝ Արագածոտնի մարզի 8 ընտանիքի համար՝ տուն կառուցելու նպատակով»,- նշեց Ղուլարյանը: