«Ձեր վկայակոչած թուղթը նախնական եզրակացություն է»,- ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի՝ քաղավիացիայի վերաբերյալ հարցին: Պատգամավորը հիշատակում էր Միջազգային ավիացիոն կազմակերպության նախնական եզրակացությունը, որը հրապարակվել էր փետրվարին կատարված ստուգումների արդյունքում:
«Մայիսի 12-ին կայանալու է նիստ, որի ընթացքում քննարկվելու է որոշումը։ Այնուամենայնիվ, հարցը բազմիցս բարձրաձայնվել է, և խոսքը ոչ թե կոմիտեի վերջին տարիների գործունեության մասին է, այլ՝ նույն կոմիտեի տասնամյակների գործունեության, և, այո, միանշանակ, եղել են թերացումներ։ Այո, ուզում եմ նաև տեղեկացնել, որ այդ թերացումները վերացնելու նպատակով իրականացվել են շատ կտրուկ գործողություններ, որոնք չեն արվել տասնամյակներ շարունակ:
Ուզում եմ տեղեկացնել, որ կոմիտեն իր առարկությունները ներկայացնելու է մայիսի 12-ի նիստին, և վերջնական որոշումը ստանալուց հետո մենք կանենք որոշակի հետևություններ։ Ես հուսով եմ, որ նաև Քաղավիացիայի կոմիտեի զարգացման տեսանկյունից սա դրական դեր է խաղալու»,- նշեց Ավինյանը։
Փոխվարչապետը նաև ասաց, որ այս պահին թռիչքների մասին խոսելն առավել քան վաղաժամ է, քանի որ աշխարհում օդանավերի մոտ 85 տոկոսը կայանած են: Պատգամավորի մտահոգությունը Ավինյանը փարատեց նաև դեպի Եվրոպա թռիչքների առնչությամբ:
«Որևէ խնդիր չկա, եթե այն վերաբերում է մեր քաղաքացիների վերադարձին»,- ասաց փոխվարչապետը: