«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հիշեցրեց, որ որ երեկ հայտարարությունների ժամին անդրադարձել է ՀՀ տարածքից դուրս տարված ապօրինի ակտիվների վերադարձին։ Պատգամավորը հետարքրքրվեց, թե այս փուլում դրանց սառեցման ուղղությամբ ի՞նչ աշխատանքներ են արվել, արդյո՞ք մինչև այժմ կատարվել են այդ ակտիվների տեղակայման բացահայտմանն ուղղված գործողություններ։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ հարցն իրավապահների տիրույթում է, և իրենք կարող են կոնկրետ տեղեկություններ հաղորդել, թե ինչ ծավալի աշխատանք է եղել այս ընթացքում, սակայն վստահեցրեց, որ գույքերի տեղակայման առումով ակտիվ աշխատանքներ կատարվում են։
Անդրադառնալով ավելի ռիսկային համարվող գոտիներին՝ նշեց, որ քննված քրեական գործերի, ՊԵԿ-ի վարչարարության շրջանակում բացահայտվում են տարբեր սխեմաների կիրառումներ։ Տեղեկացրեց, որ ռիսկային են համարվում օվշորային կամ այնպիսի երկրները, որոնք 5-6 տարի առաջ համարվում էին օվշորային։ Ընդգծեց, որ հիմա չեն համարվում օվշորային, բայց այնտեղ ևս կարող են տեղակայված լինել գողացված ակտիվներ։ Ռիսկայիններից նշեց, օրինակ, Բելիսը, Կիպրոսը, Վիրջինյան կղզիները և այլն։
Նախարարը նաև ներկայացրեց, թե ապօրինի գույքի բռնագանձման ինչ եղանակներ կան։ Նշեց՝ քրեադատավարական եղանակը և քաղաքացիական դատավարության կարգով բռնագանձումը, որն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ՝ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքը։
«Քրեական դատավարության առավելությունն այն է, որ միջազգային համագործակցությամբ քրեական դատավարության շրջանակում ավելի հեշտ է ապացույցներ ձեռք բերելը, եթե խոսքն արտասահմանում գտնվող ակտիվների մասին է։ Միջազգային ավելի շատ պայմանագրեր կան, որոնց շրջանակում այդ համագործակցությունը հնարավոր է։ Այդ միջազգային պայմանագրերի կիրառման ավելի լայն պրակտիկա կա։ Երկրներն արդեն սովորել են դրան։ Կան կառույցներ, որոնք համակարգում են, օրինակ, Եվրոպական միության տարածքում համապատասխան դատախազական մարմինների միջև աշխատանքը»,- տեղեկացրեց նախարարը։
Բադասյանը նաև ընդգծեց՝ եթե ուզում ենք ունենալ գույքերի տեղակայումը սառեցնելու իրական արդյունք, էական է, որ քրեական գործի շրջանակում համապատասխան հարցումներ ուղարկվեն համապատասխան ակտիվների գտնվող երկրներ, և ձեռք բերվեն այդ ապացույցները։