Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում թվարկեց այն խնդիրները, որոնք չհաջողվեց լուծել 2019-ի ընթացքում։
«Մենք չենք կարողացել լուծել ՀՀ-ում անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու հարցը, և ես ուզում եմ ասել, թե ինչու։ Դրա համար կա մեկ պատճառ։ Ոչ թե մենք ուզում ենք իշխանության կամ հեղափոխության կամ նույնիսկ ժողովրդի համար վերահսկելի դատական համակարգ, այլ մենք իսկապես ուզում ենք Հայաստանում ունենալ անկախ դատական համակարգ։ Որովհետև եթե մենք ուզենանք ունենալ կառավարելի դատական համակարգ, հին խամաճիկայինի փոխարեն նոր խամաճիկային դատական համակարգ, մենք դա վաղուց լուծած կլինեինք, և դրա համար մեկ-երկու զանգը, կամ նույնիսկ զանգի բացակայությունը բավարար կլիներ։ Բայց մեր քաղաքական կամքն է, որ ՀՀ-ում ժողովրդավարությունը այլընտրանք չունի, ժողովրդավարությունից հետընթաց չկա, այն միայն առաջընթաց պետք է ապրի»,- նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ասաց նաև, որ մեր հետագա տնտեսական և քաղաքական զարգացման կարևորագույն գրավականն է դատական անկախ համակարգը։ 2019-ի ամենամեծ ձախողումը ժողովրդից գողացված գումարների վերադարձի գործընթացն է։
«Պետք է խոստովանեմ՝ այո, այդտեղ մենք ունենք անհաջողություն։ Այդ անհաջողությունն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Չնայած, զուտ վիճակագրորեն, օրինակ՝ ՀՔԾ-ն 2019-ին պետական բյուջե է վերադարձրել 7 անգամ շատ գումար, քան իր գոյության ողջ պատմության ընթացքում»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ միևնույն է, կոռուպցիայի դեմ պայքարում կան անհաջողություններ, որոնք ունեն մի քանի շերտ։
Վարչապետը նշեց, որ մեր դատաիրավական և իրավապահ համակարգում կան գործի նվիրյալներ ու դավաճաններ։
«Շատ լեգիտիմ հարց է առաջանում՝ բա էս 2 տարի ինչո՞վ էիք զբաղված։ Զբաղված էինք հետևյալով. երբեք չենք ուզեցել և հիմա էլ չենք ուզում թացը չորին խառնել»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետը համոզմունք հայտնեց, որ ընթացող քննությունների արդյունքներով 100 տոկոսով կբացահայտվի Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած կոռուպցիոն համակարգը իր բոլոր ճյուղերով ու կոռուպցիոներներով, և բոլորը պատասխանատվության կենթարկվեն։