«2018-2019 թվականնների ընթացքում Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտների հայտարարագրման ցուցանիշն ավելացնել 505 միլիարդ դրամով։ Սա ավելի քան մեկ միլիարդ դոլար է, և բյուջեի ցուցանիշներն այս առումով աճել են 43,6 տոկոսով։ Ես ուզում եմ ընդգծել մինչհեղափոխական շրջանում իմ հայտարարությունը, որ պետական բյուջեի եկամուտները 1-2 տարվա ընթացքում պետք է աճեն 30-35 տոկոսով։ 1,5 տարվա ընթացքում կամ 1 տարի 8 ամսվա ընթացքում մեզ հաջողվել է պետական բյուջեի եկամուտներն ավելացնել 43,6 տոկոսով»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում ներկայացնելով Կառավարության 2019 թվականի ծրագրի կատարողականը:
Փաշինյանը տեղեկացրեց, թե ինչպես են օգտագործվել այդ միջոցները։ «199,1 միլիարդ դրամ նվազեցվել է հարկ վճարողների հանդեպ նախկինում ունեցած պարտավորությունները։ Դե ֆակտո մենք այսօր լուծել ենք տասնամյակներով Հայաստանում քննարկման առարկա դարձած գերավճարների հարցը։ 199 միլիարդ դրամ պարտք մենք վերադարձրել ենք բիզնեսին»,- ասաց վարչապետը: Ըստ նրա՝ այդ գումարից 40 միլիարդը այն պարտքն է, որը վերաբերում է նախկինում ավելացված արժեքի հարկի անցումային գերավճարներին։
«Դրանք այն պարտքերն են, որ 2017 թվականին ընդունված հարկային օրենսգրքի փոփոխություններով դասակարգվել են որպես երրորդ սորտի պարտք: Այդտեղ կար ակնարկ, որ, ընդհանրապես, պետությունը գիծ է քաշում և այդ պարտքից հրաժարվում է ըստ էության»,- ընդգծեց Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը շեշտեց, որ, հաշվի առնելով բյուջեի եկամուտների գերակատարումը, այդ պարտքը վերադարձրել են՝ համարելով, որ դա կխթանի տնտեսական ակտիվացմանը։ Ասաց, որ մնացած 306 միլիարդ դրամն էլ ավելացել է պետական բյուջեի հարկային եկամուտներում, որն օգտագործվել է կոնկրետ նպատակների համար՝ կապիտալ ներդրումներ, աշխատավարձերի բարձրացումներ , թոշակների ու նպաստների բարձրացումներ։
Փաշինյանը ներկայացրեց, որ 2019 թվկանին հարկեր ՀՆԱ հարաբերության ցուցանիշը կազմել է 22,3 տոկոս նախորդ տարվա 20,95 տոկոսի համեմատ։ 2019 թվականի արդյունքներով առաջին 1000 խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 13 տոկոսով, 2017 թվականի համեմատ՝ 31 տոկոսով։ Վարչապետն ընդգծեց «Հարկային եկամուտները, ինչպես շատ երկար տարիներ ընդունված էր ասել կամ բողոքել, ոչ թե փոքր, միջին, «անտեր» բիզնեսներից են հավաքվել, այլ մեծամասամբ այս ցուցանիշներն ապահովել են խոշոր հարկատուների շնորհիվ»։
Վարչապետն անդրադարձավ նաև օտարերկրյա ներդրումներին: Ըստ նրա՝ հունվար-սեպտեմբեր ամիսներին օտարերկրյա ներդրումների ներհոսքը 2019 թվականին կազմել է 2,2 միլիարդ դոլար։ Այն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եղել է 465 միլիոն դոլարով ավելի: