ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցի, անդրադարձել է ուժային կառույցներում տարվող կադրային քաղաքականությանը:
«Ստալինն է ասել՝ Кадры решают все։ Հիմա էլ այդպես է։ Ուզում եմ մի բան արձանագրեք, որ մեր իրավապահ համակարգը շոկի մեջ է իրականում։ Եվ ես դա զգում եմ տարբեր առիթներով։ Նույն ոստիկանության, ԱԱԾ-ի աչքի առաջ տեղի է ունեցել մի բան, որը երկար տարիներ իրենց ներշնչվել է, որ հնարավոր չէ և չի կարող տեղի ունենալ։ Խոսքը 2018 թ. հեղափոխության մասին է։ Իրենք նայել են ու իրենց աչքերին չեն հավատացել։ Հիմա էլ շատ մարդիկ նայում են ու չեն հավատում, որ ես այստեղ կանգնած եմ որպես ՀՀ վարչապետ, որովհետև ես իրենց օբյեկտն եմ եղել տասնյակ տարի։
Խնդիրը հետևյալն է՝ օգնել համակարգերին հաղթահարել շոկը։ Հասկանալ, որ իրենց ավելի բարձր, ավելի ազնիվ, ավելի պետական առաքելություն է սպասվում։ Եվ ես ամենամեծ պրոբլեմը այդ շոկն եմ համարում»,- նշեց վարչապետն ու հավելեց, որ օգնելու տարբերակներից մեկն էլ բարեփոխումներն են, որն արդեն իսկ ընթացքի մեջ են ոստիկանության մասով։
Վարչապետը հիշեցրել է իր խոսքերը, որ պետական կառավարման համակարգում, նաև իրավապահ կառույցներում չի լինելու կադրային ջարդ:
«Մենք չենք ուզեցել գալ, մարդկանց բաժանել հեղափոխականների և հակահեղափոխականների, որովհետև սա ոչ թե հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունն է, այլ սա 2018 թ. թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունն է: Եվ յուրաքանչյուր քաղաքացի, ոստիկան, դատավոր, քննիչ իր շանսն ունեցել է: Բայց ես ձեզ հետ համաձայն եմ, որ այդ ժամանակն արդեն սպառվում է: Նրանք, ովքեր օգտագործել են այդ շանսը, մեր գլխի վրա տեղ ունեն, ովքեր չեն օգտագործել շանսը, պետք է նոր աշխատանք փնտրեն իրենց համար»,- շեշտեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի նշանակմանը: «Ես կայացրել եմ քաղաքական որոշում, որ ինքը պետք է այնտեղ աշխատի: Աշխատանքային անհրաժեշտություն եմ համարել: Պարզապես օրենքն այդ միջանցքն է տվել»,- ասաց Փաշինյանը:
Նա հիշեցրեց իր խոստումը, որ ոստիկանությունում և ԱԱԾ-ում դրսից նշանակումներ չեն արվելու: «Հիմա եկել է ժամանակը գնահատելու և վերագնահատելու արված աշխատանքի արդյունավետությունը: Եվ, այո, կարելի է նաև ազդարարել մի փուլի մեկնարկ, որտեղ կլինեն նաև դրսից նշանակումներ»,- շեշտեց նա:
«Հիշում եք՝ մենք մտադրված էինք օրենսդրական փոփոխություն անելու, որ ուղիղ նշանակումներ անենք: Բայց հետո հասկացանք, որ դա համակարգի զինվորական տրամաբանությունը կարող է կոտրել: Եվ այդտեղ, այո, մեր քաղաքական շահերից նահանջեցինք հանուն համակարգի: Մեր հույսն այն էր, որ և՛ ոստիկանության, և՛ ազգային անվտանգության, մեր պետական համակարգերը կգնահատեն մեր վերաբերմունքը, ոչ թե ոմանք կառիթավորվեն այդ վերաբերմունքից, այլ՝ կգնահատեն: Սա մեր գաղափարախոսությունն է, վերաբերմունքն է, անցած քաղաքական ճանապարհն է: Ես ուրախ եմ, որ մենք այդքան ռեսուրս, կամք և համբերություն ունեցել ենք, որ այդ շանսը տանք մարդկանց: Ով օգտվել է՝ օգտվել է: Ով չի օգտվել՝ իր խնդիրն է»,- ասաց նա: