«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Կառավարության հետ հարցուպատասպանի ժամանակ նշեց, որ «Արարատ ցեմենտ» ընկերության մի շարք աշխատակիցներ դիմել են իրեն՝ աշխատանքից ազատման հետ կապված խնդրով: Պատգամավորի խոսքով՝ նրանք նամակով դիմել են վարչապետին և խնդրել, որ միջոցներ ձեռնարկվեն։ Նա ընթերցել է նաև աշխատակիցների նամակը:
«Պարոն վարչապետ, մեզ աշխատանքից ազատել են աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալու պատճառաբանությամբ, բայց մենք վստահ ենք ու պնդում ենք, որ պայմանագրի ժամկետի ավարտն ընդամենը նրանց քողարկված պլանի մի մասն է։ Մեզ ազատում են քաղաքական ու քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունենալու, պահանջատեր քաղաքացի լինելու պատճառով։ Մեր 7-ից երկուսի հետ «Արարատ ցեմենտ»-ում նախկինում վարվել են նման կերպ։ 2010 թվականին քաղաքական հայացքների պատճառով ազատել են աշխատանքից։ Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել, որ այս արատավոր և հակաօրինական երևույթին վերջ տրվի»,- նամակի բովանդակությունը ներկայացրել է Բաքոյանը։
Խնդրի վերաբերյալ արձագանքեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նա տեղեկացրեց, որ օրեր առաջ ընդունվել է Աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական նախագիծը։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին լիազորություն է վերապահվել արտակարգ դրության ժամանակ քաղաքացիների աշխատանքային իրավունքների խախտման դեպքում, նրանց դիմումների հիման վրա, իրականացնել վերահսկողություն և ուսումնասիրություն։ Նշեց, որ քաղաքացիները կարող են դիմումով իրենց ահազանգն ամրագրել, որի հիման վրա տեսչական մարմինը կարող է ուսումնասիրություն կատարել։