ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, ԱԺ-ում պատասխանելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ բանակցություններում փուլային լուծման տարբերակի քննարկման մասին հարցին, նշեց, որ վերլուծությունների և դավադրությունների տեսություններում ԱԺ ամբիոնից չի խորոնա, բայց հավելեց նաև, որ հայ-ռուսական հարաբերությունները երկար պատմություն ունեն, հագեցած օրակարգ, հիմնվում են դաշնակցային հարաբերությունների բոլոր սկզբունքների վրա։
«Այդ հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին հարաբերության կարևորագույն ուղղություններից մեկը։ Մենք արդեն անդրադարձել ենք այս հարցերին։ Բնականաբար, մենք ունենք տարբեր հարցեր մեր կողմից, ՌԴ-ի կողմից, ինչպես որ մենք ունենք հարցեր բոլոր մնացած գործընկերների հետ։ Բայց դրանից ամեն անգամ դարձնել դրամա, պետք չէ։ Բազմաթիվ հարթակներ ունենք մենք միասին աշխատելու։ Հարաբերություններն անպայման չէ, որ պետք է սկսեն և վերջանան կենացներով։ Յուրաքանչյուրն ունի իր գերակայություններն ու իր հարցերը, բայց սրանք համագործակցային, դաշնակցային հարաբերություններ են, և մենք այդպես էլ աշխատել ենք ու աշխատելու ենք որպես երկու հավասարազոր գործընկեր-բարեկամ-դաշնակից պետություններ, որոնք կառուցում են հարաբերություններ երկու ժողովուրդների միջև, որոնք միմյանց ճանաչում են, իրար հետ ունեն խորը բարեկամական հարաբերություններ, և այդպես էլ շարունակվելու է»,- նշեց Մնացականյանը։
Պատգամավոր Արկադի Խաչատրյանը ճշտեց՝ ի վերջո, ո՞ւմ էր ուղղված Սերգեյ Լավրովի հայտարարությունը: «Հարցը գալիս էր ադրբեջանական աղբյուրից, և պատասխանն ուղղված էր ադրբեջանական աղբյուրին»,- պատասխանեց Մնացականյանը: