Մայիսի 6-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ:
ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված մարտահրավերների հասցեագրմանն ուղղված քայլերի շուրջ: Նախարար Մնացականյանն իր բելառուս գործընկերոջը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերն ու միջոցառումները՝ ուղղված համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների հաղթահարմանը:
Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է Հայաստանի և Բելառուսի քաղաքացիների՝ Հայրենիք վերադարձի կազմակերպման և նրանց առջև ծառացած մարտահրավերների արդյունավետ հասցեագրման գործում երկու երկրների ԱԳՆ տարբեր օղակների միջև հաստատված սերտ համագործակցությունը:
Հայաստանի և Բելառուսի ԱԳ նախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգային հարցերի՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով շարունակել կառուցողական երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
Այդ համատեքստում կարևորվել է նաև միջխորհրդարանական հարթակի ներուժի լիարժեք օգտագործումը:
ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում իրականացվելիք միջոցառումների մի շարք օրակարգային հարցերի: