2018-ի մայիսից ի վեր Հայաստանում հաստատված է ժողովրդավարական կայունություն. հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի Հանրապետությունը կայուն ժողովրդավարական պետություն է։ Գիտեք՝ ՀՀ-ում շատ երկար տարիներ հաստատված է եղել ավտորիտար կայունություն։ Այդ ավտորիտար կայունության ֆոնին ժողովրդավար կայունությունը երբեմն կարող է թողնել անկայունության տպավորություն։ Բայց ես ուզում եմ արձանագրել, որ ՀՀ-ում հաստատված է ժողովրդավար կայունություն, հաստատված է ժողովրդական և ժողովրդավարական իշխանություն, և ՀՀ ժողովրդավարական կայունությանը ոչինչ չի սպառնում։ Պատիվ ունեմ արձանագրել, որ Հայաստանում չկա որևէ քաղաքական, կրիմինալ, մաֆիոզ ուժ, որն ի վիճակի լինի խաթարել ՀՀ-ում ժողովրդավար կայունությունը, ի վիճակի լինի Հայաստանում կասկածի տակ դնել տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը»,- նշեց վարչապետը։
Որպես իր խոսքերի ապացույց՝ վարչապետը ներկայացրեց 2019-ին միջազգային ժողովրդավարական ինդեքսներում Հայաստանի արձանագրած տպավորիչ աճը։
«Հայաստանի Հանրապետությունը արձանագրել է տպավորիչ անգամներով աճ՝ միջազգային ժողովրդավարական հանրության հետնախորշերից տեղափոխվելով միջազգային ժողովրդավարական հանրության առաջնաբեմ»,- նշեց վարչապետը։