Հայաստանի ոչ մի ղեկավար Արցախի հարցի վերաբերյալ այդքան մանրամասն դիրքորոշում չի հայտնել, որքան ես, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում պատասխանելով Արցախյան հակամարտության կարգավորման մասին ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին։
«Հայաստանի ոչ մի ղեկավար այդքան հաճախ Արցախի հարցի մասին դիրքորոշում չի հայտնել, ինչքան ես։ Հայաստանի ոչ մի ղեկավար այնքան հրապարակային և թափանցիկ չի եղել, որքան ես եմ եղել։ Եվ իմ դիրքորոշումները, ՀՀ կառավարության դիրքորոշումները գոյություն ունեն այնքանով, որքանով դրանք մեր դիրքորոշումներն են։ Պարզ է, որ աշխարհում բազմաթիվ դիրքորոշումներ գոյություն ունեն՝ անկախ մեր դիրքորոշումից։
Եվ այս ողջ պրոցեսը նրա համար է, որ մենք փորձենք պատասխանել մի հարցի՝ կարո՞ղ ենք արդյոք մոտեցել մեր դիրքորոշումներն իրար, կարո՞ղ ենք արդյոք ձևակերպել ընդհանուր դիրքորոշում։ Եվ ես ևս երկու կարևոր բաղադրիչ եմ մտցրել, որ Ղարաբաղյան հարցի որևէ լուծում չի կարող համարվել լուծում, եթե դա ընդունելի չէ Հայաստանի և Արցախի ժողովրդի համար։ Այսինքն՝ դա ոչ թե իմ բարի ցանկությունից է այդպես, դա այդպես է ի բնե։
Եթե նույնիսկ նախկինում եղել են իշխանություններ, որոնք մտածել են, թե կստորագրեն և կտանեն մի լուծում կտան, իրենք գերագնահատել են իրենց ուժերը։
Լուծումը, որը կարող է տեսականորեն օգտագործվել, դա այն լուծումն է, որն ընդունելի է Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովրդի համար»,- նշեց վարչապետը։