«Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի» քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ, հասկանալի պատճառներով, այսօր հնարավոր չէ անդրադառնալ միայն նախորդ տարվա արդյունքներին:
Թվարկելով 2019-ին գրանցված տնտեսական արդյունքներն ու ցուցանիշները՝ վարչապետն անդրադարձավ կորոնավիրուսի համավարակին և կորոնավիրուսի ճգնաժամը կառավարելու ուղղությամբ Կառավարության քայլերին ու արդյունքներին։
Վարչապետը նշեց, որ առաջին գործողությունները սահմանափակումներն էին, արտակարգ դրությունը, որոց նպատակը խուճապը կանխելն էր։ Երկրորդ ամենակարևոր խնդիրը առողջապահական համակարգում վերադասավորումներն էին, որպեսզի հնարավոր լիներ հիվանդներին պատշաճ սպասարկել։
«Այս նպատակով մենք համաճարակային 300 հիվանդանոցային տեղերը առնվազն հնգապատկել ենք՝ դարձնելով 1500 մահճակալ, ևս 150 մահճակալ առաջիկա օրերին շահագործման կհանձնվի։ Եվս 600 հյուրանոցային հիվանդանոցային տեղ ենք նախապատրաստել ասիմպտոն դեպքերի համար։ 2300 հյուրանոցային տեղ ենք նախապատրաստել կոնտակտավորներին մեկուսացնելու համար։ Այս ընթաքցում մեկուսացվել է շուրջ 6000 մարդ։ Ուրախ եմ արձանագրել, որ ՀՀ-ում կարանտինի պայմանները հայտնվել են տարածաշրջանային և միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում որպես օրինակելի ցուցանիշ, թե ինչպես պետք է պետությունը վարվի իր քաղաքացիների հետ։ Մենք այս ընթացքում արդեն իսկ իրականացրել ենք 16 հակաճգնաժամային միջոցառում»,- նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ 16 հակաճգնաժամային միջոցառումների արդյունքում աջակցություն է ցուցաբերվել շուրջ 21 հազար տնտեսվարողի՝ նրանց տրամադրելով արտոնյալ վարկեր։ Ավելի քան մեկ միլիոն ֆիզիկական անձ Կառավարությունից ստացել է ուղիղ աջակցություն՝ նշեց վարչապետը։
«Ուրախ եմ արձանագրել, որ մայիսի 5-ի դրությամբ՝ վարկային կազմակերպություններն ու բանկերը վարկային արձակուրդ են տվել ավելի քան 472 հազար ֆիզիկական անձանց և 15 հազար իրավաբանական անձանց։ Վերակառուցվել է 768,150 վարկ ֆիզիկական անձանց և 16,875 վարկ իրավաբանական անձանց»,- նշեց վարչապետը։
Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 127-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարությունը յուրաքանչյուր տարի մինչև մարտի 1-ը ԱԺ է ներկայացնում է նախորդ տարում իր ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույց։