ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարողականը ներկայացնելիս անդրադարձել է նաև պետական ծառայողների, պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը, պարգևավճարներին։
«Այո, իմ որոշմամբ դա տեղի է ունեցել, որովհետև Հանրապետության հրապարակի հեղափոխական հարթակից ես խոստացել եմ, որ պետական ծառայողների աշխատավարձերը կբարձրանան, և այդ խոստումն ի կատար է ածվել»,- ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետը, անդրադառնալով հաճախ հնչող հարցին, թե ինչու է դա արվում պարգևավճարների համակարգով, նշեց, որ այսօր գործող աշխատավարձերի համակարգն իր ստեղծման առաջին օրվանից դեֆորմացված է։
«Այսօր մենք հանրային ծառայության բարեփոխումների շրջանակներում այս ողջ գործընթացը, որն այժմ իրականացնում ենք դե ֆակտո որպես աշխատավարձ, դե յուրե որպես պարգևավճար կտրանսֆորմացնենք՝ ձեր հաստատմամբ և աջակցությամբ՝ որպես աշխատավարձի համակարգ»,- շեշտեց Փաշինյանը։
Կառավարության ղեկավարը տեղեկացրեց, որ պլանավորում են պետական կառավարման համակարգում՝ հատկապես դատաիրավական համակարգում ավելացնել աշխատավարձերը։ Վարչապետն ընդգծեց՝ համոզված են, որ դա Հայաստանում արդյուանվետ անկախ դատական համակարգ ունենալու ճանապարհ է։