Շնորհակալություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շատ լավ հեռախոսազրույցի և COVID-19-ին արձագանքելու հարցում ազգային մակարդակով առաջնորդության համար: Այդ մասին Թվիթերում գրել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը:
«Մենք քննարկել ենք իրավիճակը Հայաստանում և Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվությունները սահմանափակումների ռեժիմի թուլացման հարցում: Մեր փորձագետները պատրաստ են աջակցել Հայաստանին COVID-19-ի դեմ պայքարում»,- գրել է ԱՀԿ գլխավոր տնօրենը:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ: Վարչապետը ներկայացրել է կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակը Հայաստանում և դրա դեմ պայքարի ուղղությամբ Կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը: