ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ կցանկանար հնչեր հստակ պատասխան այն ձևակերպմանը, որն արել է Սերգեյ Լավրովը։ Նշեց, որ, ըստ այդ ձևակերպման՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցային սեղանին առկա է փուլային փոխզիջումների ձևաչափի փաստաթուղթ: Հետաքրքրվեց՝ արդյոք առկա՞ է նման փաստաթուղթ, թե՞ ոչ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2018 թվականի մայիսից մինչև այսօր բազմիցս այդ հարցին պատասխանել է ու ևս մեկ անգամ այդ հարցին պատասխանելու անհրաժեշտություն չի տեսնում։ Ասաց, որ նա իր դիրքորոշումն արտահայտել է։
«Դուք կարող եք նախորդ շրջանում արած իմ բոլոր հայտարարությունները կամ ձեր ճաշակով որևէ հայտարարություն վերցնել և այնտեղ կգտնեք իմ ասածի հաստատումը։ Ես մեր դիրքորոշումն եմ արտահայտել և ասել եմ, որ սա մեր դիրքորոշումն է, որը գոյություն ունի՝ անկախ երկրագնդի վրա գոյություն ունեցող մյուս դիրքորոշումներից։ Երկրագնդի վրա գոյություն ունեն դիրքորոշումներ, որոնք իրենք էլ իրենց համար գոյություն ունեն, իսկ ձեր հարցին ես նախկինում՝ այդ թվում այս ամբիոնից, անդրադարձել եմ բազմիցս»,- ընդգծեց վարչապետը։
Պատգամավորն ամեն դեպքում արձագանքեց, թե արդյոք, ամեն դեպքում, բանակցե՞լ են նման փաստաթուղթի շուրջ, թե՞ ոչ, շեշտեց, եթե «ոչ» է՝ ասեք՝ հանգստանանք։
«Եթե իմ «ոչ»-ը պետք է հանգստացնի, ուրեմն ես նախորդ 1,5 տարվա ընթացքում բազմիցս հանգստացրել եմ անհանգստացողներին։ Եթե այդ «ոչ»-ը չի հանգստացնում, կարող է հաջորդ պահին էլի հանգստացնելու կարիք լինի, ես չեմ կարող 24 ժամ ասել, 100 անգամ հանգստացրել եմ, պատասպանել եմ հարցին»,-ասաց վարչապետը: