Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին, հաստատեց, որ կան գազի գնի տատանումների հետ կապված մտահոգություններ:
Վարչապետը նշեց, որ Ռուսաստանի «Գազպրոմի» գործընկերների ձգտումը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տնտեսապես ավելի մրցունակ դարձնել, ընդհանուր առմամբ հասկանալի և ընդունելի է։
«Գազը խողովակով գնում-հասնում է բաժանորդին։ Եթե այդ խողովակը չսպասարկվի, մեկ-երկու տարուց ուղղակի շարքից դուրս կգա, և գազը չի հասնի տեղ։ Այդ խողովակը որպեսզի լինի, պետք է ընկերությունը պատշաճ շահույթ ունենա, որ այդ շահույթով սպասարկի այդ ենթակառուցվածքները»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս փուլում նկատելի է, որ ռազմավարական գործընկեր երկրի կազմակերպությունը համընդհանուր ճգնաժամի պայմաններում և էներգակիրների շուկայի փլուզման պարագայում կարծում է, որ այլ մոտեցում պետք է ցուցաբերի։ Վարչապետը նշեց, որ կփորձեն իրենց գործընկերների հետ խոսել, մանավանդ որ ԵԱՏՄ օրակարգում ամենակարևոր խնդիրներից մեկը էներգետիկ շուկայի ձևավորումն է։ Փաշինյանը կարծում է, որ այսօրվանից այդ տրամաբանությամբ պետք է շարժվենք առաջ։