Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում «Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը» ներկայացնելիս, անդրադարձավ կորոնավիրուսի համավարակի հետևանքով աշխարհում և Հայաստանում ստեղծված ճգնաժամին, Կառավարության ձեռնարկած քայլերին, հակաճգնաժամային միջոցառումներին։
Փաշինյանը ներկայացրեց, թե հակաճգնաժամային 16 միջոցառումներն ինչ արդյունք են տվել։ Վարչապետը նախ ընդգծեց՝ կարևոր է, որ ֆինանսական շուկան շատ արագ կայունացավ, ի տարբերություն շատ զարգացած երկրների՝ մենք շուկայական կոլապս չունեցանք, ցուցափեղկերը երբեք չդատարկվեցին, գնաճն էլ հնարավոր եղավ կառավարել։
«2020 թվականի ապրիլի 20-ի դրությամբ ՀՀ-ում արձանագրվել է 620,905 աշխատատեղ։ Խոսքը այն աշխատատեղերի մասին է, որոնցով մարդիկ ստացել են աշխատավարձ։ Փետրվարին եղել է 618 հազար աշխատատեղ։ 2019-ի ամռանը մենք առաջին անգամ արձանագրել ենք, որ Հայաստանում աշխատատեղերը հատել են 600 հազարի սահմանը։ Բայց ՀՀ-ում ապրիլի 20-ի հաշվետվությամբ՝ ավելի շատ աշխատող մարդ է եղել, քան փետրվարին։ Ընդ որում՝ ապրիլին աշխատավարձի ֆոնդը կազմել է 123 միլիարդ 883 միլիոն դրամ, իսկ փետրվարին՝ 119 միլիարդ 700 միլիոն դրամ։ Այսինքն՝ ապրիլի դրությամբ ՀՀ-ում քաղաքացիները մոտ 4 միլիարդով ավելի շատ աշխատավարձ են ստացել, քան փետրվարին։
Արձանագրում եմ, որ ՀՀ կառավարությանը հաջողվել է ճգնաժամը կառավարել այնպես, որ մենք կարող ենք վստահ խոսել սոցիալական ճգնաժամի բացակայության մասին», նշեց վարչապետը։
Անդրադառնալով կոմունալ վճարներին՝ վարչապետը նշեց, որ դրանց հետ կապված՝ Կառավարությունն իրականացրել է 4 ծրագիր, և այդ նպատակով մոտ 5 միլիարդ դրամ է փոխանցվել:
«Մեր փոխանցած 5 միլիարդ դրամից մոտ 2 միլիարդը հաշիվներին նստել է որպես կանխավճար։ Մոտ 800 միլիոն դրամ որպես կանխավճար փոխանցվել է անապահով խավի բաժանորդների հաշվին։ Մոտ 1,2 միլիարդ դրամը նստել է այն մարդկանց հաշիվներին, ովքեր իրականում դրա կարիքը չունեն։ Իմ կոչն է՝ նրանք, ովքեր չունեն այդ աջակցության կարիքը, գտնեք ձեր շրջապատում մարդ, որը որոշակի կարիք ունի, և աջակցել այդ մարդուն»,- նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նաև արձանագրեց, որ Կառավարությունը կարողացել է կորոնավիրուսային սոցիալ-տնտեսական ճգնաժամը պահել կառավարելիության շրջանակում։
«Բայց թյուր է կարծիքը, թե ճգնաժամն անցել է կամ անցնում է։ Ճգնաժամը նոր-նոր սկսվում է։ Մենք արձանագրում ենք, որ առնվազն մինչև մյուս տարվա մայիս մենք ունենալու ենք կորոնավիրուսային ճգնաժամ։
Մարտի սկզբից Հայաստան է վերադարձել շուրջ 70 հազար, իսկ արտակարգ դրության հայտարարելու պահից ի վեր՝ 23 հազար քաղաքացի»,- նշեց Փաշինյանը։
Վարչապետը հայտարարեց, որ այս տարի կրթական և առողջապահական ավելի քան 100 օբյեկտներ կվերանորոգվեն, կհիմնանորոգվեն ու կվերակառուցվեն։ Սրա նպատակը արտագնա աշխատանքի մեկնող հայրենակիցներին աշխատանքով ապահովելն է։