«Շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ 2019 թվականին հաջողվել է գրանցել 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7,6 տոկոս, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի երկրների համար։ 2019 թվականին մենք մեր մեծ տարածաշրջանում գրանցել ենք ամենաբարձր տնտեսական աճը»,- ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խորհրդարանում վարչապետը ներկայացնում է Կառավարության՝ 2019 թվականի ծրագրի կատարողականը։ Փաշինյանը նշեց, որ 2019 թվականի սկզբից ամրագրվել է, որ առաջիկա 5 տարիներին միտված է լինելու ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխան, մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն։ Կառավարության ծրագրի առանցքային դրույթներից վարչապետն առանձնացրեց նաև զբաղվածության խթանումն ու աղքատության կրճատումը։
2019 թվականին տնտեսության աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով։ Մշակող արդյունաբերությունում աճը կազմել է 2019 թվականին 12 տոկոս՝ 2008 թվականից հետո առաջին ՀՆԱ-ի կառուցվածքում մշակող արդյունաբերությունը 2019 թվականին մշակող արդյունավերությունը դարձել է մեր տնտեսության առաջաատար ճյուղը։ Ամենաբարձր տնտեսական աճն արձանագրվել է կացության և հանրային սննդի ծառայության ոլորտում ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 27,2 տոկոսով։ 2019 թվականի ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 14,7 տոկոսով։ Հայաստանից ապրանքների և ծառայությունների արտահանումը 2019 թվականին աճել է 10,3 տոկոսով։ Արտահանման էական աճ է արձանագրվել կոնյակի՝ 29,4, մրգային գինիների՝ 70,2 տոկոս, խաղողի գինու՝ 25,3 տոկոս, բուսական ծագմամբ արտադրանքի 14,3 տոկոս ապրանքախմբերով»,- տեղեկացրեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում 2019 թվականին շրջանառության շուրջ 30 տոկոս աճ է գրանցվել։
Վարչապետը նաև ցուցանիշներ ներկայացրեց, որոնք, նրա խոսքով, ցույց են տալիս Կառավարության ծրագրի այն դրույթը, որ Հայաստանը պետք է դառնա բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր։ Այդ ցուցանիշներից են միջին տեխնոլոգիատար ապրանքների արտահանման աճը՝ 26,9 տոկոսով, բարձր տեխնոլոգիատար ապրանքների արտահանման աճը՝ 13,3 տոկոսով։
Նշենք նաև, որ վարչապետն Ազգային ժողովում Կառավարության 2019 թվականի ծրագրի կատարողականը ներկայացնելիս շեշտեց, որ իր ելույթը երեք մասից է բաղկացած՝ 2019 թվականի Կառավարության գործունեության արդյունքները՝ 2019 հունվարի 1-ից մինչև կորոնավիրուսի մեկնարկը, երկրորդ մասը ճգնաժամի կառավարման ընթացքում կայացրած որոշումները, իսկ երրորդ մասում կխոսի հետագա անելիքների մասին: