Իսրայելի կենսաբանական հետազոտությունների ինստիտուտն ավարտել է COVID-19 կորոնավիրուսային վարակի պասիվ պատվաստանյութի կամ հակամարմնի ստեղծման փուլը: Այս մասին տեղեկացնում է Jerusalem Post պարբերականը՝ հղում կատարելով Իսրայելի պաշտպանության նախարարությանը:
Հրեական պետության պաշտպանության նախարար Նաֆթալի Բեննեթը հանդիպել է հետազոտողների այն խմբի հետ, որոնք ստեղծել են հակամարմինը, ինչը գրոհում է վարակի դեմ և օրգանիզմում չեզոքացնում այն:
«Ես հպարտանում եմ կենսաբանական ինստիտուտի աշխատակազմով, որն այս հարցում հսկայական առաջխաղացում է գրանցել»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը:
Իսրայելի կենսաբանական ինստիտուտի ղեկավարությունը հայտարարել է, որ սկսել է հավաքել կորոնավիրուսով վարակված և ապաքինված հիվանդների պլազման, հույսով, որ այն կօգնի հետազոտությունների մյուս փուլերում: