«Ապօրինի ծագում ունեցող ունեցվածքի վերադարձին զուգահեռ պետք է լրջորեն զբաղվել ՀՀ-ից դուրս հանված ակտիվների վերադարձի խնդրով»,- ԱԺ-ում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Պատգամավորը վստահեցրեց, որ Հայաստանից հսկայական ծավալների ակտիվներ են դուրս հանվել Եվրամիության երկրներ, ՌԴ, Արաբական Էմիրություններ և ԱՄՆ։ Քոչարյանը շեշտեց՝ օտարերկրյա պետություններում գտնվող ապօրինի հարստությունները պետական բյուջե վերադարձնելը պետք է դարձնել համընդհանուր օրակարգի հարց։ Քոչարյանի խոսքով՝ այդ գործում պետք է ներգրավել ՀՀ քաղաքացիներին և աշխարհասփյուռ հայությանը, քանի որ խնդիրը համակարգային լուծում է պահանջում։
«Անհրաժեշտ են հստակ պլանավորված գործողություններ, որոնք նախ պետք է ուղղված լինեն այդ ակտիվների տեղակայումը բացահայտելուն։ Պետք է ուսումնասիրել և պարզել ՀՀ-ի համար ավելի բարենպաստ օրենսդրություն ունեցող երկիրը և թիրախավորել այդ իրավազորությունները։ Այս պարագայում անգնահատելի է միջազգային համագործակցությունը, որը կարելի է օգտագործել բավականին արդյունավետ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Պատգամավորը ներկայացրեց, որ, օրինակ՝ Եվրամիության մի երկրում վարույթ հարուցելով՝ այն ճանաչվում է մյուս անդամ պետությունների կողմից, և վերջիններս պարտավոր են համագործակցել վարույթ հարուցած երկրների հետ։
Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ պետք է ուսումնասիրել ՀՀ-ի վավերացրած միջազգային համաձայնագրերի էությունը։ «Միջազգային համագործակցությունը թույլ է տալիս առավելագույնս օգտագործել սահմանված լծակները։ Դրանից հետո անհրաժեշտ է անհապաղ ձեռնամուխ լինել Հայաստանից դուրս գտնվող ակտիվների սառեցմանը և վերադարձմանը պետական բյուջե»,- ասաց պատգամավորը։ Նա ընդգծեց, որ պետք է ժողովրդին ու երկրին վերադարձվեն այդ ամենը և ոչ անհատներին։ Պնդեց, որ այդ քայլերի համար անհրաժեշտ է ժողովրդական աջակցություն, հզոր ու արդյունավետ իրավական լծակներ, ինչպես նաև ակտիվ փոխգործակցություն։